ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Հայկական հավաքականն ընդգրկված է եղել Ա խմբում, որում մեր մրցակիցներն են եղել Թուրքիայի, Հունգարիայի, Ճապոնիայի և Իրանի սիրողական ֆուտզալի հավաքականները։ Այս մասին հայտնում է «Ֆուտզալ Բիզնես Լիգա» լիգայի պաշտոնական կայքը:
Հավաքականը հաջող ելույթներ է ունեցել՝ գրանցելով 2 վստահ հաղթանակ Թուրքիայի (10-2) և Ճապոնիայի (3-2), 1 ոչ-ոքի Իրանի (4-4) և ընդամենը 1 պարտություն Հունգարիայի (1-4) հավաքականների դեմ:
Ամփոփելով հայկական կողմի մասնակցությունը սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությունում՝ «Ֆուտզալ Բիզնես Լիգա» հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Նահապետյանը հարցազրույց է տվել fbl կայքին։
«Քանի որ առաջին անգամ էինք մասնակցում սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությանը, ելնելով արդյունքներից կարող եմ ասել, որ մեր ելույթները գնահատում եմ շատ լավ: Հանդիպումների մեկնարկը հաջող դասավորվեց մեզ համար: Մեր տղաները կարողացան հավասար պայքար մղել և ոչ-ոքի խաղալ խմբի ֆավորիտ Իրանի հավաքականի դեմ»,- ասել է նա:
«Ֆուտզալ Բիզնես Լիգա» հավաքականը գրանցեց երկու հաղթանակ, 1 ոչ-ոքի և ընդամենը 1 պարտություն:
«Ինչպես գիտենք, խմբային փուլն ավարտելուց հետո պետք է տեղի ունենար Հայաստան-Ադրբեջան հանդիպումը 5-6-րդ տեղերի համար, բայց Ադրբեջանի հավաքականը հրաժարվեց խաղին մասնակցելուց: Մենք ի սկզբանե ղեկավարությանը տեղեկացրել էինք, որ խաղին պատրաստ ենք և ամբողջովին տրամադրված սպասել ենք մինչ այն պահը, երբ մեզ հայտնեցին, որ ադրբեջանական կողմը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է մասնակցել խաղին»,-ասել է Արթուր Նահապետյանը: