ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Թբիլիսիում կայացել է Հայաստանի վարչապետ կարեն Կարապետյանի հանդիպումը նրա վրացի գործընկեր Գեորգի Կվիրիկաշվիլու հետ։
Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկու երկրների վարչապետերը միմյանց ներկայացրել են նախարարների կաբինետը։
«Վրաստանն ու Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ ունեն, և մեր հետագա հարաբերությունները մենք պետք է կառուցենք` հենվելով անցյալ տարիների փորձի վրա», — հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին նշել է, որ երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում։
«Մենք մեծ հեռանկարներ ունենք հետագա զարգացման համար։ Կոնկրետ գաղափարներով ենք եկել և հաճույքով կքննարկենք դրանք Ձեզ հետ։ Համոզված եմ, որ մեր հանդիպումը արդյունավետ կլինի։ Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»,- ասել է Կարապետյանը։
Երկկողմ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-վրացական համագործակցության հարցեր և ցանկություն հայտնել գործակցությունը զարգացնել։