«Ժամանակ». Գործարարները մերժել են Սերժ Սարգսյանին
Թերթի տեղեկություններով` ՀԱԿ-ը հայտնվել է բավական ծանր ֆինանսական վիճակում։ Թերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Խաչատուր Սուքիասյանին և Գուրգեն Արսենյանին հորդորել է ֆինանսապես աջակցել ՀԱԿ-ին, քանի որ այդ քաղաքական ուժի ներկայությունը ԱԺ-ում իր համար կարևոր է։
«Մեր տեղեկություններով՝ երկու գործարարն էլ մերժել են Սերժ Սարգսյանին այն պատճառով, որ հենց նա չի թույլատրել իրենց առաջադրվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, ինչի հետևանքով երկուսն էլ դուրս մնացին ընտրապայքարից»,- գրում է թերթը:
«Հայկական ժամանակ». Սեյրան Օհանյանը կարող է ձերբակալվել
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, իշխանությունները պատրաստվում են 2015թ. նոյեմբերին վնասազերծված Նորք-Մարաշի զինված խմբի գործով որոշակի բացահայտումներ անել, որոնք առնչվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Թերթը հիշեցնում է, որ գործի քննության ընթացքում արդեն իսկ հրապարակումներ են եղել, թե դրա հետևում կանգնած է Սեյրան Օհանյանը: Եվ հիմա, երբ Օհանյանն ընդդիմադիր դաշինք է գլխավորում և քննադատում իշխանություններին, վերջիններս մտածում են չխնայել նրան և այդ գործի շրջանակներում առնվազն որոշակի բացահայտումներ անել նրա մասին: Թերթի աղբյուրները չեն բացառում, որ գործը կարող է նոր ձերբակալությունների հասնել կամ ընդհուպ մինչև պաշտպանության նախկին նախարարին այդ գործում ներգրավել:
«Ինչ վերաբերում է զինված խմբի հետ նրա առնչությանը, ապա նրանց միջև կապը, ըստ նույն աղբյուրների, պահպանել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը հիմա կալանավայրում է և առողջական խնդիրներ ունի և առերեսումներից մեկի ժամանակ հայտարարել է, թե Սեյրան Օհանյանին պետք չի խառնել այդ գործին»,- գրում է «Հայկական ժամանակը»:
«Հրապարակ». Կարեն Ավագյանի նախընտրական սվիտան
Թերթը գրում է. «ՀՀԿ ԳՄ անդամ 42-ամյա Կարեն Ավագյանը երիտկարիերիստների մի ողջ բանակ է ներդրել ՀՀԿ նախընտրական ցուցակում։ Սերժ Սարգսյանն էլ, գնահատելով Կարեն Ավագյանի բազում «արժանիքները», ընդառաջել է»։
Ավագյանական գունդն, ըստ թերթի, կազմված է հետևյալ անձանցից՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզային կառույցների նախկին ղեկավար Սամվել Մերթարջյան, նախկինում ՀՀ ԵԿ արտաքին կապերի պատասխանատու Միհրան Հակոբյան, ԵԿ Երևանի Կենտրոն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Միքայել Սահակյան, Բրյուսովի անվան համալսարանի ՈւԽ նախկին նախագահ Մարիա Բարաղամյան, որը նաև Տարոն Մարգարյանի օգնականն է, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ Արուսյակ Պողոսյան, որը նաև ղեկավարում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերը, Մարգարիտա Սիրեկանյան՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մշակույթի հանձնաժողովի ղեկավար, Հայկ Մամիջանյան՝ Անդրանիկ Մարգարյանի անվան ՀՀԿ քաղաքական դպրոցի տնօրեն, Հասմիկ Ափյան՝ ՀՀԿ ԵԿ քարտուղար և այլք։
«Հրապարակ». ՀՀԿ-ն ընդդեմ ՀՀԿ-ի
«Հրապարակ» թերթի փոխանցմամբ, Լոռու մարզում «հոսանքի ու գազի մարդիկ» նախընտրական պատերազմի մեջ են։ Առաջիններն աշխատում են ՀԷՑ բաժնետեր, «Տաշիրի» նախագահ Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի համար, մյուսները՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանի։
Վերջինիս եղբայրը՝ Վարդան Բաղդասարյանը, Լոռվա գազի գրասենյակի տնօրենն է։ «Եվ չնայած, հատկապես Տաշիրում, Կարեն Կարապետյանն անցնելու խնդիր չունի, սակայն նրա կողմնակիցները որոշել են աննախադեպ քվեներով հաղթել բոլորին՝ անգամ սեփական թիմակիցներին։ Արդյունքում լարվել են մարզում առաջադրված ՀՀԿ-ականների հարաբերությունները»,- գրում է «Հրապարակ»-ը:
«Հայկական ժամանակ». Նախընտրական նկարչություն
«Հայկական ժամանակ» օրաթերթն անդրադարձել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության այս տարվա հունվար ամսվա սոցիալ- տնտեսական ցուցանիշներին, որոնք հրապարակվել են նախօրեին:
«Ինչպես և սպասվում էր, երկնիշ աճերի պակաս չկա: Տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա հունվարի համեմատ, ըստ ԱՎԾ-ի, աճել է 6.5 տոկոսով, արդյունաբերությունը` 12.2 տոկոսով, առևտրի շրջանառությունը` 9.4 տոկոսով»,- գրում է թերթը:
Ներմուծման ծավալներն, ըստ ԱՎԾ-ի, աճել են 1.5 անգամ: «Թե ինչի հաշվին են այս աճերը, դժվար է ասել: Ավելի մանրամասն տվյալները կհրապարակվեն հաջորդ շաբաթ: Նշենք, որ անցած տարվա սկզբին էլ ԱՎԾ-ն «բարեհաջող» ցուցանիշներ էր հրապարակում, սակայն տարվա երկրորդ կեսին գրեթե բոլոր ոլորտներում գահավիժում արձանագրվեց»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
«168 ժամ». Հունվարյան աճի հետքերով
Հունվարյան երկնիշ աճերին է անդրադարձել նաև «168 ժամ» օրաթերթը:
«Արդյո՞ք սա թույլ է տալիս հուսալ, որ 2016 թվականին կհաջողվի ապահովել բյուջեով նախատեսված 3.2% տնտեսական աճը։ Հենց նախորդ տարվա օրինակը վկայում է, որ ոչ։ Նախորդ տարվա լավ մեկնարկից հետո տարին փակվեց ընդամենը կես տոկոսանոց աճով,- գրում է հոդվածագիրը,- այս ամենին գումարենք, որ առաջիկա ամիսներին ունենք 2 ընտրություն՝ Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունները։ Իսկ ընտրական պրոցեսները որոշակի սպասողական տրամադրություններ ու անորոշություն են առաջ բերում և բացասաբար ազդում տնտեսական ակտիվության վրա»։
Բացի այդ, հեղինակը հիշեցնում է, որ կառավարությունը 2017 թվականի համար որդեգրել է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն, որի արդյունքում պետական ծախսումները զգալիորեն կրճատվելու են, ինչը բացասական ազդեցություն է թողնելու տնտեսական աճի վրա։
«Արտաքին աշխարհից եկող բացասական ազդակներն էլ թուլանալու միտում դեռ չունեն։ Աճ ապահովելու միակ ռեսուրսը մնում են կառավարության խոստացած մի քանի հարյուր մլն դոլարի օտարերկրյա ներդրումները։ Սակայն այս պահին ներդրումներն առայժմ խոստումների մակարդակի վրա են»,- գրում է թերթը։