ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. BBC բրիտանական հեռուստաընկերությունը վավերագրական ֆիլմ է ցուցադրել «Ռուս խուլիգանների բանակը» վերնագրով, որը պատմում է ֆուտբոլի ռուս երկրպագուների մասին։ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանությունն այս կապակցությամբ հայտարարություն է հրապարակել։
«Տպավորություն է ստեղծվում, որ ֆիլմի հիմնական նպատակը Ռուսաստան մեկնել ցանկացող բրիտանացիների մոտ անվտանգության վերաբերյալ վախ առաջացնելն է, որպեսզի նրանք հրաժարվեն ուղևորությունից։ Մարսելում անցած ֆուտբոլային անկարգությունների, ինչպես նաև ռուս մարգինալ երկրպագուների մասին տեսանյութերի վրա հիմնվելով` բրիտանական կառավարության կողմից ֆինանսավորվող հեռուստաընկերության եթերում ցուցադրված ֆիլմի հեղինակներն առավելագույն ջանք ու եռանդ են գործադրել Ռուսաստանն ու առաջիկա առաջնությունը վարկաբեկելու համար», — կարծում է դեսպանատունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նմանատիպ արշավ անցկացվել էր նաև Սոչիի Օլիմպիադայից առաջ։
Ռեժիսոր Ալեքս Սթոքլի ֆոն Շտատցերի ֆիլմում ընդգրկվել են Spartak Gladiators և Orel Butchers երկրպագուների խմբի ներկայացուցիչների հարցազրույցները, ինչպես նաև խուլիգանների մարզումների և կռիվների նկարահանումները, գրում է RT-ն։
Ֆիլմում խոսվում է Ֆրանսիայում 2016 թվականին Եվրոպայի առաջնության ժամանակ (այդ ժամանակ Մարսելում բախվեցին ռուս և անգլիացի երկրպագուները) տեղի ունեցած անկարգությունների հավանական կրկնության մասին։