ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. «Հայկական վերածնունդ» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 300-հոգանոց ցուցակով, որոնցից 136-ը՝ համամասնական, 164-ը՝ վարկանիշային ցուցակներում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Հայկական վերածնունդի» նախագահ Արթուր Բաղդասարյանը: Կուսակցության համամասնական ցուցակի առաջին 10-յակը, Արթուր Բաղդասարյանի խոսքով, այսպիսին է.
«Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան, Հովհաննես Մարգարյան, Իշխան Խաչատրյան, Էդգար Առաքելյան, Նարինե Քոչարյան, Արթուր Միսակյան, Խանիկ Պետրոսյան, Արմեն Հարությունյան»:
Կուսակցությունը խորհրդարանական ընտրապայքար կմտնի «Քվեարկիր հանուն վերածնունդի» և «Քվեարկիր հանուն փոփոխությունների» կարգախոսներով:
«Փոփոխությունները Հայաստանում հասունացել են, փոփոխություն է պահանջում հայ ժողովրդի 99%-ը: Մեր համոզված ենք, որ ՀՀ պետական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում իսկապես վերածննդի անհրաժեշտություն կա՝ և՛ հոգևոր- մշակութային, և՛ քաղաքական, և՛ գաղափարների, և՛ ձգտումների վերածննդի: Դրա համար էլ մենք գտնում ենք, որ վերածնունդը պետք է իսկապես լինի մեր պայքարի կիզակետում»,- ասաց Բաղդասարյանը:
Պատասխանելով կուսակցության նախընտրական ու հետընտրական ծրագրերի մասին լրագրողների հարցերին` կուսակցության նախագահը վստահեցրեց` «Հայկական վերածնունդը» խորհրդարան է գնում որպես ընդդիմադիր կուսակցություն:
«Մենք ընդդիմադիր ենք ձևավորված քաղաքական համակարգին, ընդդիմադիր ենք Սերժ Սարգսյանին, նրա իրականացրած քաղաքականությանը, ընդդիմադիր ենք մեր երկրում առկա բոլոր բացասական երևույթներին»,- ասաց Արթուր Բաղդասարյանը՝ միաժամանակ նշելով, որ ինչ-որ մեկի գլուխը ջարդող ընդդիմության տեսակը «Հայկական վերածննդի» համար ընդունելի չէ:
Իսկ ընտրություններից հետո որևէ քաղաքական ուժի, այդ թվում ՀՀԿ-ի հետ կոալիցիա ձևավորելու տարբերակն Արթուր Բաղդասարյանը չի բացառում, բայց միայն մի դեպքում՝ եթե ունենա կայացվող որոշումների վրա ազդելու հնարավորություն, ինչպիսին չի ունեցել 2008 և 2012թ-ի կոալիցիոն կառավարություններում: