ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Ֆինանսների նախարարությունը հանդես է եկել մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառումն ու արտաքին աուդիտի իրականացումը պետական համակարգից անկախ, ինքնակարգավորող մարմնին հանձնելու նախաձեռնությամբ:
Այդ նպատակով իրավական կարգավորումների և նոր օրենքների նախագծերն արդեն պատրաստ են և առաջիկայում կներկայացվեն հասարակական քննարկման:
Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը: Փոփոխությունների շարքում, նրա խոսքով, նախատեսվում է վերականգնել նաև խոշոր ընկերությունների պարտադիր աուդիտի պահանջը, որը վերացվել էր 2014թ-ին:
«Հանրությունն ուզում է, որ խոշոր կազմակերպությունները թափանցիկ ձևով պատրաստեն և հրապարակեն իրենց ֆինանսական հաշվետվությունները, բայց դրանց նկատմամբ հանրության վտահությունը բարձր է լինում միայն այն դեպքում, երբ դրանք ենթարկված են լինում անկախ աուդիտի»,- ներկայացնելով բարեփոխումների բուն նպատակը՝ նշեց Դավիթ Անանյանը:
Որպես անկախ մարմին այդ նպատակով կստեղծվի Հայաստանի հաշվապահների և աուդիտորների պալատ, իսկ ֆինանսների նախարարությունը դրա գործունեության նկատմամբ հանրային վերահսկողությունը կիրականացնի նախարարի հրամանով ստեղծվող խորհրդի միջոցով:

Փոփոխություններ են նախատեսվում նաև աուդիտորական կազմակերպությունների գրանցման ասպարեզում: Եթե այժմ դրանք գործելու իրավունք են ստանում լիցենզավորման կարգով, իրավական փոփոխություններից հետո կգործեն միայն պալատի ռեեստրում գրանցվելու պայմանով: Բացի այդ, ներկա օրենսդրությամբ պահանջվող 5 աուդիտորի փոխարեն կազմակերպությունը կարող է ունենալ ընդամենը 2 որակավորված մասնագետ:
Նոր օրենսդրական կարգավորումներով նախատեսվում է վերանայել նաև պարտադիր աուդիտի ենթակա խոշոր ընկերությունների չափորոշիչները: Այդ տեսանկյունից, եթե մինչև 2014թ-ը պարտադիր աուդիտի էր ենթարկվում տարեկան 1000 ընկերություն, ապա փոփոխություններից հետո դրանց թիվը կկազմի 250-300:
Ֆինանսների փոխնախարարը հայտնեց նաև, որ մինչև այսօր այս գործառույթն իր վրա վերցրած պետական համակարգը չի կարողացել 100 տոկոսով ապահովել ֆինանսական հաշվետվությունների ու աուդիտի վերաբերյալ համաշխարհային իրավական նորմերի ներմուծումը:
«Ֆինանսների նախարարությունը որևէ անգամ վերջին տարիներին չի ունեցել համապատասխան ռեսուրսներ, որպեսզի ամբողջական ծավալով ապահովի այդ նորմերի թարգմանությունը, տեղայնացումը, հրապարակումը: Կատարել է այնքանով, որքանով ռեսուրսները ներել են,-ասաց ֆինանսների փոխնախարարը,-երկու տարբերակ կա՝ կա՛մ պետական ապարատը պետք է մեծացնենք, վարձատրությունն ավելացնենք այնքան, որ չգնան մասնավոր հատված, կա՛մ գնանք այն ճանապարհով, որով առաջադեմ Եվրոպան գնում է վերջին 30-40 տարվա ընթացքում՝ աուդիտի որակի նկատմամբ հսկողությունը տալով մասնագիտացված կառույցներին»։
Հենց այս տարբերակն էլ ֆինանսների նախարարությունում որոշել են իրականացնել: Օրենսդրական փաթեթն արդեն պատրաստ է հանրային քննարկման ներկայացվելու և լրամշակվելու, որից հետո կհանձնվի խորհրդարանի դատին: Բարեփոխումների հեղինակները հույս ունեն, որ փոփոխվող երկու և առաջարկվող մեկ նոր օրենքներն իրավական ուժ կստանան արդեն 2019թ-ից: