ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համեմատել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին Յուրգեն Կլոպի հետ, որի հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում», տեղեկացնում է armsport.am-ը՝ հղում անելով «Metro»-ին:
«Եթե համեմատենք Մոուրինյուին Կլոպի հետ, ապա նրանք երկու տարբեր անհատականություններ են: Նրանք երկուսն էլ ընկերական են, հիանալի մասնագետներ են: Սակայն նրանց աշխատելաոճը տարբերվում է:
Մոուրինյուի հետ սկզբնական շրջանում ոչ թե խնդիրներ են եղել, այլ դժվարություններ: Հեշտ չէ, քանի որ պետք է հարմարվես նոր մարզչին, մարզումներին, հանդիպումներին: Սակայն այնուհետև նոյեմբերին սկսեցինք հաղթել: Նույնիսկ, երբ չէի խաղում, ժպտում էի, քանի որ, եթե տխրեի կամ կորցնեի ինքնատիրապետումը, ոչինչ չէր օգնի ինձ: Վստահ էի, որ կստանամ իմ շանսը, քանի որ բոլորն այս թիմում ստանում են այն»,- Մխիթարյանի խոսքը մեջբերել է «Metro»-ն: