ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Իսպանացի ռեժիսոր և լրագրող Միգել Անխել Նիետոյի (Miguel Ángel Nieto) «Արարատի ստվերը» վավերագրական ֆիլմն արդեն հասցրել է գրավել մադրիդյան հանդիսատեսի համակրանքը:
«Հայաստանում բնակվում է հայերի միայն 30%-ը, մյուս 70%-ն ապրում են պատմական հայրենիքի սահմաններից դուրս: Աշխարհով մեկ սփռված հայերի շարքում շատ հայտնի մարդիկ կան, որոնց հայ լինելու մասին քչերին է հայտնի», — գրում է Մադրիդի Madridpress առցանց պարբերականը:
Վավերագրական ֆիլմի հերոսները տարբեր երկրներում բնակվող հայ քաղաքական և հասարակական գործիչներն են, այդ թվում նաև՝ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն ու երգչուհի Ռոզի Արմենը, ջութակահար Արա Մալիքյանը, հայտնի հայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, փորձարկող-օդաչու Ռուբեն Եսայանը:
«Հայկական» շարքը փակում է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանը, գործարար Դավիթ Յանը և Ռուբեն Վարդանյանը, բևեռախույզ Արթուր Չիլինգարովը, պատմաբան Հայկ Դեմոյանը, պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանը, հայտնի խոհարար Արմեն Պետրոսյանը, Լիբանանի նախկին նախագահ Էմիլ Լահուդը, Փարիզի քաղաքապետ Ան Հիդալգոն և այլն: Այս ֆիլմը Հայոց ցեղասպանության կամ Ղարաբաղյան հակամարտության մասին չէ, սակայն այստեղ պատմվում է նաև հայ ժողովրդի պատմության այս իրադարձությունների մասին: Ֆիլմում, հայտնի հայ հերոսների միջոցով, ներկայացվում են նաև Հայաստանի գեղատեսիլ վայրերն ու համեղ խոհանոցը:
«Արարատի ստվերը» ժողովրդի պատմության մասին է, փոքրիկ քրիստոնեական կղզյակի, որին չի կարողացել կոտրել ոչ ժամանակը, ոչ ողբերգությունը: Հայաստանը միակ երկիրն է, որը գոյություն է ունեցել աշխարհի քարտեզների վրա 5 հազար և ավել տարի առաջ և որը գոյություն ունի մինչ օրս:
«Այն ժամանակ Հայաստանի կողքին բազմաթիվ երկրներ կային, օրինակ, Միջագետքը, սակայն այսօր, ի տարբերություն Հայաստանի, դրանք այլևս չկան քարտեզի վրա», — գրում է մադրիդյան պարբերականը:
Նախագծի գաղափարն առաջացել է Մոսկվայում, 2015 թվականի գարնանը, մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում: Հենց այստեղ է ֆիլմի ռեժիսորը ծանոթացել հայ միլիարդատեր- բարերարի հետ, ով առաջարկել է նրան Հայաստանի մասին ֆիլմ նկարահանել:
Բարերարը ցանկացել է գաղտնի մնալ, այդ պատճառով նրա անունը լայն հասարակությանը հայտնի չէ: Նկարահանումները սկսվեցին 2015 թվականի աշնանը և անցկացվեցին Հայաստանում, Իսպանիայում, Թուրքիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Ռուսաստանում և Իսրայելում:
La sombra de Ararat (teaser 2017) from Miguel Ángel Nieto on Vimeo.