ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Դաշնակցությունն ինքնուրույն կմասնակցի ընտրություններին, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Ընտրացուցակները գրեթե պատրաստ են, դեռ ժամանակ կա, շուտով վերջնականապես կհաստատենք։ Մենք առանձին ցուցակով ենք ներկայանալու՝ առանց դաշինք կազմելու։ Ռեյտինգային ցուցակով էլ թեկնածուներ կներկայացնենք բոլոր ընտրատարածքներում»,- ասաց Ռուստամյանը։
Նրա խոսքով` Դաշնակցությունը բացառիկ կուսակցություն է, այն ունի սեփական կայուն ընտրազանգվածն ու գիտի, թե որքան ձայն կարող է հավաքել այս կամ այն տարածքում։ Ռուստամյանը հրաժարվեց բացահայտել ընտրացուցակի առաջին երեք անունները` նշելով, որ դրանք շուտով կհրապարակվեն։
Նա կասկած հայտնեց՝ կապված ընտրությունների երկրորդ փուլի անցկացման վերաբերյալ։ Ըստ Ռուստամյանի՝ խորհրդարանական մեծամասնությունը, հավանաբար, կձևավորվի 2-3 կուսակցություններից կոալիցիա կազմելու ճանապարհով։