ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Երբ Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս նմանատիպ հայտարարություններով, դա չի ազատում նրան ապրիլյան ագրեսիայի ընթացքում իր իրականացրած ռազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից, ասել է ԱԳ նախարարի տեղակալ Քոչարյանը:
Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը, թե ապրիլյան ռազմական գործողությունները և շփման գծի երկայնքով լարվածության պաhպանումը Ադրբեջանի ներքին գործն է, ոտնահարում է միջազգային հանրության խաղաղասիրական ջանքերը և ձեռնոց նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին:
Մեջբերելով Քոչարյանի խոսքը, ԱԳՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակնհայտ է՝ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ ոտնահարում, Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերի բացահայտ արհամարհում և ագրեսիա ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:
Ադրբեջանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը համարելով իր ներքին գործը, ձևացնում է, որ մասնակցում է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցություններին, կամ մասնակցում է բանակցություններին՝ ձևացնելով, որ դա իր ներքին գործն է: Երկու դեպքն էլ ուղղված են միջազգային հանրության միջնորդական ջանքերի տապալմանը, համոզված է ԱԳՆ նախարարի տեղակալը։:
Ադրբեջանը ստորագրել է 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման և 1995թ. զինադադարի ռեժիմի ամրապնդման անժամկետ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Միջազգային հանրությունը և միջնորդական առաքելության մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահող երկրները բազմիցս հանդես են եկել կոչերով անշեղորեն առաջնորդվել վերոնշյալ համաձայնագրերով, պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: