Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Բելառուսը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնել էր Ադրբեջանին։ Երեկոյան հատուկ չվերթով նրան Մինսկից տեղափոխել էին Բաքու։
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա Ադրբեջանի սև ցուցակում է հայտնվել 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում:
Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Լապշինը բողոքարկել է դատախազության որոշումը, սակայն նրա բողոքը մերժվել է: