ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Մարսելի Փաստաբանների պալատի անդամ Աշխեն Հարությունյանը, որը 2010թ-ին հայկական նմուշի իրավաբանական դիպլոմով տեղափոխվել է Ֆրանսիա, ստացել է փաստաբանական ելույթների միջազգային մրցույթի առաջին մրցանակը՝ մարդու իրավունքների պաշտպանության թեմայով, հաղորդում է Le Parisien թերթը՝ հղում անելով կազմակերպիչների կայքին:
Աշխենը մասնագիտացել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հենց Ֆրանսիայում, իսկ մրցանակը ստացել է ամերիկացի մի աղջկա պաշտպանելու համար: Երեխայից հրաժարվել են 5 ընտանիքներ:
«Նիտան այն հազարավոր երեխաներից է, որոնց որդեգրում են ամերիկյան ընտանիքները, հետո լքում: Ամերիկայում մասնագիտացված կայքերում երեխաներին փոխանակելու սարսափելի փորձը թույլ է տալիս նրանցից հրաժարվել միայն այն պատճառով, որ երեխան իր բնավորությամբ նրանց դուր չի եկել»,- իր պաշտպանիչ ճառում նշել է Աշխեն Հարությունյանը:
Մրցույթն անցկացնում է Կանն քաղաքի 20-րդ դարի պատմության թանգարանը, որը հարթակ է տրամադրում բոլոր փաստաբաններին՝ իրենց հռետորական վարպետությամբ փայլելու համար: Այս տարի մրցույթին մասնակցել է 270 փաստաբան: