ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի-Sputnik. Գործարար Խաչատուր Սուքիասյանը հանդես է եկել ԱԺ ընտրություններին սեփական թեկնածությունը քաղաքական որևէ ուժի միջոցով չառաջադրելու հայտարարությամբ։
Հայտարարության մեջ ասված է.
«Հանրությունը տեղեկացված է, որ վերջին ամիսներին քաղաքական խորհրդակցություններ եմ ունեցել մի շարք ուժերի հետ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ հնարավոր մասնակցության հնարավոր ձեւաչափերի շուրջ:
Հարկ եմ համարում շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնց հետ այս ընթացքում քննարկումներ ենք ունեցել: Վերջին տարիներին հիմնական ժամանակս տրամադրել եմ տնտեսական գործունեությանը, այդ թվում՝ տնտեսության զարգացմանը վերաբերող վերլուծական աշխատանքին:
Այս ուղղությամբ իմ գործունեության շարունակությունը Հայաստանի հաջող ապագային նպաստելու լավագույն ձեւն է: Հետեւաբար՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իմ թեկնածությունը չեմ առաջադրելու եւ շարունակելու եմ ուժերիս ներածի չափով նպաստել մեր երկրի զարգացմանը»:
Խաչատուր Սուքիասյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողություն է մաղթել բոլոր այն ուժերին, որոնց գործունեության շարժառիթը Հայաստանի հզորացումն է, հայ ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունը: