Հրապարակ. Հովիկ Աբրահամյանը ակտիվորեն պատրաստվում է ընտրություններին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանը, որոշ տեղեկություններով, ակտիվորեն հանդիպում է մարզի հեղինակավոր անձանց հետ։
Եղբորը պատկանող Մխչյանի գինու գործարանի «ֆազենդայում» ընդունում են մարդկանց, ոմանց առաջարկում դուրս գալ կուսակցությունից՝ միանալ իրենց, գյուղապետերին շահավետ առաջարկներով գայթակղում են, որ եթե անգամ ՀՀԿ-ից դուրս չեն գալիս, ընտրություններին աշխատեն իրենց՝ Արգամ Աբրահամյանի օգտին։
Բոլորին ասվում է, որ ֆինանսի խնդիր չկա, վստահված անձանց ու հանձնաժողովականներին պատրաստ են կրկնակի վճարել։ Ի դեպ, հանդիպումների կազմակերպիչն Արսեն Աբրահամյանն է՝ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին, որն Աբրահամյանի հեռանալուց մեկ օր հետո դիմում գրեց եւ ազատվեց Արմավիրի ոստիկանապետի պաշտոնից»:
«Ժողովուրդ». Հրանտ Բագրատյանը և Խաչատուր Քոքոբելյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումները դեռևս շարունակում են ընթանալ կուլիսային հարթությունում: Նախընտրական դաշինքներ են ձևավորվում, խոստումներ շռայլվում և պայմանավորվածություններ ձեռք բերվում: Ինչպես հայտնի է՝ լիբերալ դաշտում ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ու նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը:
Բայց նրանք ոչ թե դաշինք են կազմելու, այլ հանդես են գալու ԱԴԿ-ի ցուցակում, որը գլխավորելու է անձամբ Հրանտ Բագրատյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ԱԴԿ նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ՝ թերևս ԱԺ մտնելու շուրջ որոշ պայմանավորվածություններ ձեռք բերելու ակնկալիքով: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Քոքոբելյանին, որը, սակայն, հերքեց հանդիպման մասին լուրը. «Անհեթեթություն է, և նախընտրական կամպանիային բնորոշ սև PR-ի էլեմենտ եմ տեսնում դրա մեջ»,- ասաց նա:
«Փաստ». Վարչապետի «քայլ ձիով»-ը Լիսկայի հանդեպ
«Փաստի» տեղեկություններով, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակները կազմելու գործում լուրջ «մասնաբաժին» ունի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կոնկրետ ընտրատարածքներում նա պնդում է` այսինչ թեկնածուի անունը անպայման ռեյտինգային ցուցակում ընդգրկել:Բնականաբար, ոչ ոք չի մերժում:
Նրա առաջարկով Սյունիքի ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակը «կգլխավորի» նախկին մարզպետ Վահե Մաքսիմի Հակոբյանը: Սրանով վարչապետը գրեթե ամբողջությամբ չեզոքացնում է Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) ընտրվելու հավանականությունը: Հայտնի է, որ Սուրիկ Խաչատրյանն ու Վահե Հակոբյանը եթե ոչ թշնամիներ, ապա «մոլի» հակառակորդներ են: Երկու ՀՀԿ-ականները նույն տարածքում իրար դեմ են դուրս գալու: Վարչապետի «ձիու քայլը», սակայն, լիսկային կարող է թևաթափ անել: Հնարավոր է, որ նա չդնի իր թեկնածությունը:
«Փաստ». Ջերմուկում լուրջ փողատերերի լուրջ մրցակցություն է սպասվում
Շարունակելով ընտրապայքարի թեման, «Փաստ»-ը գրում է. «Ջերմուկում լուրջ փողատերերի լուրջ մրցակցություն է սպասվում առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Փողատերերն էլ հանրապետական կուսակցությունից են: Այս տարածքի ժողովուրդը մի քանի կոպեկ իսկապես կշահի:
Այստեղ իրար դեմ կպայքարեն «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը և Մոսկվայի «Արարատ պարկ հայաթ», Երևանի «Հայաթ փլեյս» հյուրանոցային համալիրների սեփականատեր Սարգսյան եղբայրները: Եղբայրներից մեկը, հավանաբար, Սամվել Սարգսյանը, որը նախկինում Վայոց ձորի մարզպետն էր, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կպայքարի նույն ցուցակում ընդգրկված Աշոտ Արսենյանի դեմ: Հասկանալի է, որ այլ կուսակցությունները այս տարածաշրջանում գրեթե անելիք չունեն: Աշոտը հաղթի` Հանրապետականը կշահի, Սարգսյանները հաղթեն` Հանրապետականը կշահի…»:
«Ժամանակ». Ծառուկյանը կմիջամտի Լապշինի գործին
«Ժամանակ»-ը գրում է. «Գագիկ Ծառուկյանը որոշել է միջամտել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին: Մեր տեղեկություններով, Ծառուկյանը խոսել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ և պատրաստ է անձամբ հետամուտ լինել, որ ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն ունեցով բլոգերը չհանձնվի Ադրբեջանին:
Հարցը շատ նուրբ է ու հասկանալով, որ նախընտրական չափազանց մեծ էֆեկտ կարող է առաջացնել, մեծ ջանքեր ու միջոցներ են դրվելու այն լուծելու համար: Ծառուկյանի դաշինքում նախընտրում են այս օրերին առհասարակ չքննարկել այդ հարցը, մինչև հնարավոր լինի հաջող ելք ապահովել խնդրին: Ծառուկյանը օդանավ է պատվիրել ու առաջիկայում անձամբ մեկնելու է Մինսկ»: