ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Այսօր Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է մի շարք զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին: Ուսումնասիրվել են զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության մասին գրառումներ չկատարելու, կատարված գրառումներում «անվավեր» նշում կատարելու կամ այդ գրառումները ջնջելու հետ կապված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաև քննարկվել են խնդրի հետ կապված մանրամասներ:
ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ներկայացրած հանգամանքների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է պաշտոնական ընթացակարգ:
Արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ պարզելու համար ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությունից պարզաբանումներ պահանջելով և համատեղ աշխատելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ: