ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ փետրվարի 15-28-ը Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը, որի նպատակն է ներկայացնել, հանրայնացնել ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը։
Փառատոնն այս տարի նվիրված է կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին։ Հարո Ստեփանյանը (1897-1966թթ.) տաղանդավոր և ինքնատիպ կոմպոզիտոր է, որը մեծ ավանդ է ունեցել հայ երաժշտական մշակույթի զարգացման գործում: Նա հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Այն ընդգրկում է 5 համերգ՝ սիմֆոնիկ և կամերային, հագեցած բազմազան ծրագրերով, նոր երաժշտությամբ, հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներով։
Երաժշտական այս տոնի ընթացքում կներկայացվեն հայ կոմպոզիտորների (Հարո Ստեփանյան, Վաչե Շարաֆյան, Էդուարդ Հայրապետյան, Ջոն Տեր-Թադևոսյան, Հարություն Դելալյան, Վարդան Աճեմյան և այլք) գործեր։ Հանդես կգան անվանի մենակատարներ։