ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հրշեջ ծառայության աշխատակիցները վեց ժամից ավել է պայքար են մղում Թբիլիսիի «Մանկական աշխարհ» և «Ոսկու աշխարհ» շուկայում բռնկված հրդեհի դեմ։ Այս մասին տեղեկացնում Sputnik Վրաստանը։
Հրդեհը բռնկվել է անցած գիշեր, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 3-ին։ Կրակը տարածվել է երկհարկանի շենքի ամբողջ տարածքով, որտեղ տեղակայված են խանութներն ու վաճառասեղանները, այդ թվում նաև` ոսկու վաճառասեղանները։
Կրակը տարածվել է նաև «Մանկական աշխարհ»-ի տարածքում տեղադրված մեծածախ շուկայում ։ Բազմաթիվ խանութների տերեր կրել են ֆինանսական խոշոր վնաս։
«Ամբողջ կյանքում աշխատած-ստեղծածս վառվել է։ Հազարավոր մարդկանց կրպակներ են այրվել։ Ամեն ինչ կորցրել ենք»,-ասել է տուժողներից մեկը` Բադրի Չիտանավան։
Դեռևս պարզ չէ, թե հրդեհն ինչից է բռնկվել։ Վրաստանի ՆԳՆ-ն արդեն սկսել է գործի հետաքննությունը` ունեցվածքի ոչնչացում հրդեհի պատճառով` բռնկված պայթյունի կամ այլ հասարակական վտանգ ներկայացնող ճանապարհով։