ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի —Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Գրիգորյանին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին՝ համատեղ աշխատանքի համար:
Կարևորելով քաղաքային տնտեսության դինամիկ զարգացման գործում վարչական շրջանների աշխատակազմերի հետևողական աշխատանքը՝ Տարոն Մարգարյանը նաև հատկանշել է, որ վարչական շրջանի նոր ղեկավար Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ ու սրտացավ աշխատանք:
«Քաղաքապետարանի աշխատակազմն աջակցելու է վարչական շրջանում իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանն ու համատեղ ուժերով լուծումներ է տալու բոլոր այն խնդիրներին, որոնք դեռևս առկա են Էրեբունիում», — նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հաջողություններ մաղթել վարչական շրջանի նոր ղեկավար Դավիթ Գրիգորյանին: