ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական կայքում ստորագրահավաք է կազմակերպվել, մարդիկ պահանջում են հրապարակել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագիրը։ Ստորագրահավաքին արդեն ավելի քան 377 հազար մարդ է մասնակցել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ստորագրահավաքը մեկնարկել է հունվարի 20-ին և 24 ժամից էլ քիչ ժամանակահատվածում 100 հազար ձայն է հավաքել, ինչը բավարար է Սպիտակ տան պատասխանն ակնկալելու համար։
Փաստաթուղթն արդեն ստորագրել է 377 755 մարդ, ինչը ռեկորդային թիվ է Սպիտակ տան կայքում ստորագրահավաքի բաժնի գոյության պատմության մեջ։
Ստորագրահավաքի նպատակն է հրապարակել Թրամփի հարկային հայտարարագրի ամբողջական տարբերակը` բոլոր մանրամասներով, որոնք թույլ կտան որոշել` պետության ղեկավարի պաշտոնում նրա գործունեության մեջ շահերի բախում կա, թե ոչ։ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտել էր ԱՄՆ նախագահի թեկնածուների ավանդույթը և հրաժարվել էր հայտնել, թե որքան հարկ է վճարում պետությանը։ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ հարկային ծառայությունը հայտարարագրի աուդիտ է իրականացնում, ուստի վաղ է հրապարակել այն։
Թրամփին քննադատողները կարծում են, որ միլիարդատեր գործարարն օգտվել է հարկային բազմաթիվ արտոնություններից։
Մեկ այլ պահանջագրով էլ մարդիկ ուզում են, որ Թրամփը հրաժարվի բիզնեսից (116 հազար ստորագրություն) և լքի պաշտոնը (100 հազար ստորագրություն)։ Որպեսզի Սպիտակ տունն անդրադառնա այս պահանջներին, պետք է 100 հազար ստորագրություն հավաքվի։ Ընդ որում, Սպիտակ տունը պարտավոր չէ բավարարել այդ պահանջները կամ էլ ընդհանրապես պատասխանել դրանց։