ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Իրավաբան Րաֆֆի Քասաբյանի և Kirk Kara ոսկերչական ընկերության ժառանգորդ Անժելա Կարագյոզյանի հարսանիքը հայտնվել է հայտնի Brides ամերիկյան հրատարակության էջերում։ Ամսագիրը մանրամասն ներկայացրել է հարսանեկան արարողությունը` բացառիկ ամուսնական մատանուց մինչև 125-ամյա պատմություն ունեցող Kirk Kara ընտանեկան բրենդը և փեսացուի Armani ապրանքանիշի կոստյումը։ Շքեղ հարսանիքը տեղի է ունեցել 2016թ-ի մայիսի 14-ին` հայկական ավանդույթներով, բայց լուսանկարները հրապարակվել են օրերս։
Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի Վան Նայս շրջանի Սուրբ Պետրոս հայկական եկեղեցում։
«Ավանդական հայկական հարսանիք անել մեր համատեղ ցանկությունն էր, քանի որ մենք գնահատում ենք մեր արմատները և պահպանում կապը հայրենիքի հետ», — հրատարակությունը մեջբերում է Անժելայի խոսքերը։ Հանդիսությանը հրավիրել է 275 հյուր։ Հարսանիքի ժամանակ պարել են հայկական պարեր, այդ թվում, իհարկե, քոչարի։
Նորապսակներն իրենց մեղրամիսն անցկացրել են Մայամի քաղաքում և Բորա-Բորա կղզում։