ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ՀՀԿ խորհրդի այսօրվա նիստում ՀՀԿ-ն Հովիկ Աբրահամյանի դիմումն, ամենայն հավանականությամբ չի քննարկի, այն պարզ պատճառով, որ նման դիմում կուսակցության գրասենյակը չի ստացել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Նախընտրական ցուցակները ՀՀԿ նիստի ավարտին այսօր ևս չեն հրապարակվի, քանի որ, Ռուբեն Թադևոսյանի խոսքով, դրանք դեռ ճշտվում են և այսօր, ամենայն հավանականությամբ դեռ չեն հաստատվի:
Փոխարենը այսօրվա նիստում իշխող կուսակցությունը կհաստատի կուսակցության նախագահի տեղակալների, հանձնաժողովների նախագահների, ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների թեկնածությունները:
Հարազատ կուսակցությունը լքելու մասին Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ ՀՀԿ-ից դուրս գալու որոշում են կայացրել նաև նրա հեռու-մոտիկ ազգականները: ՀՀԿ գրասենյակից, սակայն, վստահեցնում են, որ կուսակցությունից դուրս գալու մասին որևէ դիմում վերջին օրերին չեն ստացել: Իսկ կուսակցության շարքերը համալրվողներ եղել են:
Թե պաշտոնապես հայտարարված Արմեն Ամիրյանից բացի, ուրիշ ովքեր են դիմել հանրապետական դառնալու համար, Ռուբեն Թադևոսյանը չհրապարակեց, բայց չթաքցրեց, որ նրանց շարքում կան հասարակությանը քաջածանոթ այլ անուններ ևս:
Ի դեպ, այսօր զբաղեցրած պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Հովիկ Աբրահամյանի եղբորորդին՝ Ոստիկանության Արմավիրի վարչության պետ Արսեն Աբրահամյանը: Ըստ որոշ լուրերի` առաջիկայում չեն բացառվում նաև նախկին վարչապետի մորաքրոջ թոռնուհու՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանի, նրա եղբայրների` Արտաշատի քաղաքապետ Գագիկ Պողոսյանի և Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանի հրաժարականները:
Մամուլի հրապարակումերի համաձայն` ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել նաև Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորված նախընտրական դաշինքը համակարգող Իշխան Զաքարյանի կինը՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, և նրա որդին՝ Նոր Նորքի թաղապետարանի առևտրի վարչության պետ Վարդան Զաքարյանը: