ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Պաշտոնական առաջին այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն, այսօր` այցի 2-րդ օրը, հարգանքի տուրք է մատուցել անհայտ զինվորի հիշատակին և այցելել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայք էջը։
Գովաբանական աղոթքից հետո, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ողջույնի և օրհնության խոսք է ուղղել վարչապետ Կարապետյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին, մաղթել բարեբեր աշխատանք:
Թեմի առաջնորդը, պատմական որակելով վարչապետի այցը, ընդգծել է, որ Կարեն Կարապետյանը կարևոր դերակատարություն ունի ոչ միայն որպես քաղաքական գործիչ, բարձրաստիճան պաշտոնյա, այլ նաև բարերար:
Այցի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Առաջնորդարանով: