ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Արևային էլեկտրաէներգիայի ոլորտում ներդրողների համաժողովին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 30 օտարերկրյա ընկերություն։ Ներդրողներն աշխարհի տարբեր երկրներից են, այդ թվում` Ռուսաստանից, Ֆրանսիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Իրանից, Հնդկաստանից, Արգենտինայից և այլն։
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը բարձր գնահատեց համաժողովի անցկացումը, նշեց, որ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում արդիականացվել են բարձրավոլտ էլեկտրակայանները, կառուցվել են էլեկտրահաղորդման նոր գծեր։ Նա նշեց, որ Հայաստանն ակտիվորեն համագործակցում է երկու հարևան պետությունների` Իրանի ու Վրաստանի հետ։ Տեղեկացրեց նաև, որ շուտով շահագործվելու են Հայաստան-Իրան,Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը։
«Հայաստանը, որպես ԵՏՄ անդամ, կամուրջ է հանդիսանում Իրանի և ԵՏՄ-ի միջև։ Մենք կարևորում ենք արևային, հողմային և հիդրոէներգետիկայի ուղղություններով զարգացումը,- նշեց նախագահը։
Ելույթով ներկայացավ նաև համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին։ Նա շեշտեց,որ ՀԲ խումբն աշխատել է կառավարության ու ժողովրդի հետ` աջակցություն ցուցաբերելով այս ոլորտում։
«90-ականների էներգետիկ ճգնաժամից հետո Հայաստանը հասել է արդիական համակարգի։ Հայաստանն անցում է կատարում կանաչ և դիվերսիֆիկացված տնտեսության։ Իսկ սա իր հերթին հավակնում է դառնալ բիզնեսի տեսանկյունից շահավետ ոլորտ»,- ասաց նա։
Նշենք, որ համաժողովի մասնակիցների թվում են դեսպաններ,միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա ներդրողներ, մասնավոր և հանրային հատվածի ներկայացուցիչներ։