Փաստաբանների պալատի անդամ Արսեն Մկրտչյանը ցանկանում է մասնակցել ԱԺ ընտրություններին և կարծում է, որ խորհրդարանում բացակայում է հասարակ քաղաքացին, որը ո՛չ օլիգարխ է, ո՛չ էլ ամեն ինչ սև գույնով ներկայացնող ընդդիմադիր: Ու թեև Արսեն Մկրտչյանը ՀՀԿ անդամ է, բայց մտավախություն ունի, որ չի կարող ընդգրկվել հարազատ կուսակցության ընտրացուցակում:
Փոխարենը Արսեն Մկրտչյանը չի մերժի այլ քաղաքական ուժերի, որոնք կհամաձայնեն նրան ընդգրկել իրենց ցուցակներում, բայց պայմանով, որ չի դավաճանի հարազատ կուսակցությանը:
«Ես դավաճանի պիտակը երբեք ինձ վրա չեմ վերցնի,- ասում է նա,- բայց չեմ մերժի այն ողջամիտ ուժին, որը հանդես կգա նույն պահպանողական գաղափարների դիրքերից և պատրաստ կլինի ընդգրկել ինձ իր ցուցակում, առանց պայման դնելու, որ ես պետք է կուսակցություն փոխեմ»:
Փաստաբանը հիշեցնում է, որ ՀՀԿ խմբակցությունում էլ կան մարդիկ, որոնք այլ կուսակցությունների անդամներ են և, ընտրվելով այլ կուսակցության ցուցակով, հավատարիմ են մնացել իրենց կուսակցությանը: