Ասում են` մեր երկրի խնդիրն այն է, որ դաստիարակված մարդիկ կասկածամիտ են, իսկ հիմարները` ինքնավստահ։ Բայց եկեք չշտապենք ու Անգլիայի հայտնի ձիավարժ Էնթոնի Մակքեյին հիմարների շարքը չդասենք։ Նախ որովհետև Էնթոնի Մակքեյը սըր է (տիտղոս Անգլիայում), իսկ Միացյալ թագավորություններում այս պատվավոր տիտղոսը չեն շնորհում տհասներին։
Երկրորդ` պարոն Մակքեյը, որը շատ նման է Ջորջ Բուշ-կրտսերին, ընդամենը կանգնել է մոդել դարձած ձիու մոտ, ու նա ոչ մի կապ չունի կենդանու վերարկուի հետ։
Ձիու համար 18 մետրանոց հաստ բրդյա գործվածքից վերարկու հագցնելու գաղափարի հեղինակը բրիտանացի դիզայներ Սենդեմ Քինգն է։ Նա խոստովանել է, որ իր կարիերայի ընթացքում ամենաբարդ խնդիրն է լուծել։ Դե ինչ, շնորհավորում ենք, ավելի լուրջ լինել չէր կարող։ Հաջորդը կարող է միջին և մեծ տարիքի կանանց համար լինել ձիու թամբի, սանձի և ասպանդակի հետ կապված խնդիրը, որպեսզի կանայք ամբողջ շուքով և թափով ներկայանան «Նորաձև դատավճիռ» շոուին։
…Ժամանակին յուրաքանչյուրն ինքն էր որոշում ինչ, որտեղ և ինչպես հագնի իր զգեստը։ Հետո այդ գործին խառնվեց հեռուստատեսությունը։ Բայց հիմա էլ դժվար չէ հասկանալ` նորաձև լինելը նորաձև չէ, պետք է հետևել սեփական «ես»-ին, լինես այնպիսին, ինչպիսին կաս, հագուստ ընտրես ոչ թե էքսցենտրիկ կանանց քմահաճույքով, այլ` հաշվի առնելով սեփական տարիքն ու ճաշակը։ Այլապես դիզայներ Սենդեմ Քինգն իր ընկերուհիների հետ կայցելի կենդանիների ֆերմա և կենդանաբանական այգիներ ու մի ուրիշ բան կմոգոնի։
Բայց, ձին ամեն դեպքում, մեղք է։