ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական կոնֆետները շուտով կարտադրվեն նոր փաթեթավորումներով, որոնց վրա կլինեն անվանի հայ բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունների հերոսների պատկերները։ Նախագիծը նվիրված է Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին։
«Մենք խոսեցինք հայ արտադրողներից մեկի հետ և ստացանք նրա համաձայնությունը։ Կոնֆետների թղթերի վրա կպատկերվեն Կապուտիկյանի մանկական ստեղծագործությունների հերոսները, որոնց երեխաները գիտեն և սիրում են։ Դա կլինի բանաստեղծի 100-ամյակին նվիրված նախագծերից մեկը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի ղեկավար Արմենուհի Դեմիրճյանը։
Թանգարանում հուսով են, որ այս գաղափարը դուր կգա թե՛ արտադրողներին, թե՛ սպառողներին, և շուտով կոնֆետների թղթերի վրա, բացի Կապուտիկյանի հերոսներից, կհայտնվեն նաև Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հեքիաթների հերոսները։
Տուն-թանգարանը պատրաստվում է մեծ շուքով նշել Սիլվա Կապուտիկյանի 100-ամյա հոբելյանը։ Կտպագրվեն նրա չհրատարակված ստեղծագործությունները, հոբելյանական գրքեր` քարե շապիկով ու ոսկե մեդալիոնով, ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմ կնկարահանվի Սիլվա Կապուտիկյանի մասին։
Սիլվա Կապուտիկյանը ծնվել է 1919թ-ի հունվարի 20-ին Երևանում։ Այսօր նա կդառնար 98 տարեկան։