ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայեցակարգ ներկայացրեց քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման վերաբերյալ։ Հովհաննիսյանն ասաց, որ հայեցակարգը ենթադրում է առաջարկությունների մի քանի տարբերակ։
«Առաջին տարբերակով առաջարկվում է ազատությունից զրկված անձանց երկրորդային մասնագիտական բժշկական օգնությունը տրամադրել միայն քաղաքացիական հիվանդանոցներում»,-ասաց նա։
Նախարարն ավելացրեց, որ «Դատապարտյալների հիվանդանոցը» պետք է դառնա միայն որոշակի մասնագիտական օգնություն մատուցող հաստատություն։
Նախարարը առաջարկեց նաև վերանայել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը։
Նախատեսում են մշակել նաև հացադուլավորներին վերաբերող իրավական կարգավորումները։ Նախարարի խոսքով` պետք է հատուկ ուշադրություն դարձվի նրանց հարկադիր սնուցմանն ու հարկադիր բուժմանը։