ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հունվարի 21-ին, ժամը 14:00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի Արագած Ախոյանի՝ «Վերադարձ…» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 31-ը ներառյալ: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:
«Երբ գալիս է ներշնչանքը, քաղաքական գործիչը վերցնում է վրձինը… Եվ ահա գույնն ու գիծը դառնում են պատկեր ու մեզ փոխանցում արվեստագետի զգայական աշխարհի գույները: «Վերադարձը…» ստեղծագործողի առաջին անհատական ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված յուրաքանչյուր կտավ հայրենի բնաշխարհի նկատմամբ տածած անսահման սիրո ու հիացմունքի արտահայտությունն է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Արագած Ախոյանը ծնվել է 1962 թվականին Աշտարակի շրջանի Ձորափ գյուղում: 1985 թվականին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: 1985-1987 թթ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես խմբագիր: Հետագա տարիներին զբաղվել է շինարարական գործունեությամբ: 2012 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, այնուհետև` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: