ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի, Sputnik. Sputnik տեղեկատվական գործակալությունը և ռադիոն «Ты — супер!» տաղանդների շոուի միջազգային տեղեկատվական գործընկերոջ կարգավիճակում կաջակցի նախագծի հայաստանցի մասնակիցներին՝ Սաբինա Մանվելյանին և Անգելինա Պապիկյանին, որոնք ընտրվել են ՆՏՎ-ի նախնական քասթինգների ընթացքում: ՆՏՎ-ի «Ты супер!» նախագիծը ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս տաղանդավոր երեխաներին. շոուին կարող են մասնակցել մանկատների, ինտերնատների սաներն ու որդեգրած երեխաները:
Տաղանդների շոուի ընթացքում Sputnik-ն իր ռեսուրսներում հնարավորություն կտա ընթերցողներին և ռադիոլսողներին հետևել մրցույթի մասնակիցների հաջողություններին առցանց օրագրերի ձևաչափով և շոուի ուղիղ հեռարձակման միջոցով: Գործակալության՝ սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում բոլոր ցանկացողները կարող են քվեարկել մրցույթի այն մասնակցի օգտին, որին հավանել են: Հայաստանի մասնակցիներն առաջիկայում կմեկնեն Մոսկվա, նրանց կուղեկցեն պաշտոնական ներկայացուցիչները՝ մանկավարժները, խնամակալները: Նախագծի պրոդյուսերի խոսքով՝ մասնակիցների մեծ մասի համար սա երկրի սահմաններից դուրս առաջին ճանապարհորդություն կլինի:
Նախագծի շրջանակում մասնակիցների հետ կաշխատեն պրոֆեսիոնալ մանկավարժներն ու երաժշտական պրոդյուսերը, ամբողջ շոուի ընթացքում երեխաները կկարողանան շարունակել ուսուցումը դպրոցական ծրագրով: «Ты супер!» մրցույթն իրագործվում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: ԱՊՀ և Բալթյան տարածքի երաժշտական տաղանդները կժամանեն 9 երկրից, որոնց թվում են նաև Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղըզստանը և Էստոնիան: Նախագծի հաղորդավարը կլինի Վադիմ Տակմենյովը:
«Ты супер!» մրցույթի պրեմիերան նախատեսված է փետրվարի 18-ին: Նախագծի մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՆՏՎ-ի կայքում: Հետևեք տաղանդների երաժշտական շոուի նորություններին Sputnik Արմենիայի ռեսուրսներում:
ՆՏՎ-ն Ռուսաստանի խոշորագույն ոչ պետական հեռուստաընկերություններից է, գործում է 1993թ-ի հոկտեմբերից և ընդգրկված է ռուսական հեռուստաշուկայի առաջատար հեռուստաընկերությունների եռյակում: ՆՏՎ-ն հեռարձակվում է ՌԴ գրեթե բոլոր սուբյեկտներում՝ ընդգրկելով բնակչության 99,2 տոկոսը: Ռուսալեզու հանդիսատեսի համար հեռարձակվում է Ռուսաստանի սահմաններից դուրս՝ մերձավոր արտասահմանի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում: ՆՏՎ-ն ունի երկու միջազգային տարբերակ՝ ՆՏՎ աշխարհ և ՆՏՎ Ամերիկա:
Sputnik Արմենիան գործարկվել է 2015 թվականի հուլիսի 1-ին։ Գործակալությունն ունի տեղեկատվական պորտալի հայերեն և ռուսերեն տարբերակներ, ռադիո և տեխնիկապես հագեցած մուլտիմեդիոն մամուլի կենտրոն։
Sputnik Արմենիան Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի մի մասն է կազմում։ Վերջինը մուլտիմեդիոն տեղեկատվական մասնաճյուղեր ունի տասնյակ երկրներում, կայքեր` ավելի քան 30 լեզվով, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով: