ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի-Sputnik. Ղարաբաղյան պատերազմի վետերան, «Ամարաս» հասարակական կազմակերպության հիմնադիր Արթուր Ալեքսանյանը պաշտպանելու է Սեյրան Օհանյանին։ Ընդ որում` աջակցությունն անխախտ կլինի ցանկացած դեպքում, ինչ ձևաչափով էլ ներկայանա Սեյրան Օհանյանը։
«Մենք աջակցելու ենք ինչով կարողանանք, քարոզչություն ենք տանելու նրա ծրագրերին։ Ընտրարշավի համար պետք է փորձենք օգտակար լինել»,-ասաց Ալեքսանյանը։
Նա շեշտեց նաև, որ քաղաքականության մեջ Օհանյանից ավելի անբասիր մեկը չկա։ Ալեքսանյանը անընդունելի է համարում այն խոսակցությունները, որ Օհանյանը պաշտոնազրկումից հետո է դարձել ընդդիմադիր։ Առավել անհանդուրժելի է համարում նրան մի շարք իրադարձություններում մասնակցության կամ ոչ պատշաճ վերահսկողության համար մեղադրելը։ Խոսքը մարտիմեկյան դեպքերի ու ապրիլյան քառօրյայի մասին է։
«Եթե այդքան հետաքրքրված եք Սեյրան Օհանյանի անցյալով, ես մի հարց ունեմ` նույն Սեյրան Օհանյանը 92-94 թթ. Լեռնային Ղարաբաղում շտաբի պետ է եղել, ինչ ազատագրել ենք, նա է կազմակերպել, 800 հազար հա-ը, որ նա է նվաճել, ինչու՞ դրա մասին չեք խոսում»,-ասաց նա։
Նա ճիշտ չի համարում ամեն անգամ անցյալ վերադառնալն ու բացթողումները «մատի փաթաթան դարձնելը»։
«Ուզում ենք համախմբել ազգը։ Եթե վատ գաղափար է, ասեք` ամոթ ձեզ, իսկ եթե լավն է, ձեռք մեկնեք մեզ»,-ասաց Ալեքսանյանը։
Ըստ նրա` ստեղծելու են հասարակական կազմակերպություն, որը կաջակցի Սեյրան Օհանյանին։ Ամենայն հավանականությամբ, այն կկոչվի «Միացյալ հայեր»։ Հասարակական կազմակերպությունը մի շարք առաջարկություններով ու նախաձեռնություններով է հանդես գալու։ Դրանցից մեկի` ԱԺ–ում վերին պալատ ստեղծելու մասին տեղյակ է նաև ՀՀ նախագահը։ Արթուր Ալեքսանյանը բացեց փակագծերն ու հայտնեց, որ նախագահը ողջունել է նախաձեռնությունը, հայտնել, որ եթե հաջողեն իրենց ծրագրերում, ինքն ուրախ կլինի։