ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Նարինե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատեց իր` աշխատանքից ազատվելու մասին լուրը։
«Սեփական դիմումիս համաձայն եմ ազատվել աշխատանքից։ Իմացա, որ Վարդաշենի թիվ 1 հատուկ դպրոցում տնօրենի աշխատատեղ կա և որոշեցի կրկին վերադառնալ դպրոց»,-ասաց Նարինե Հովհաննիսյանն և ավելացրեց, որ հատուկ դպրոցում սովորում են խնդիրներ ունեցող երեխաներն, այնտեղ անելիքներ շատ կան։
Մեր թղթակցի հարցին, թե այս քայլն իր համար պաշտոնի իջեցում չի՞ նշանակում, տիկին Հովհաննիսյանն ասաց` ոչ, որովհետև ինքը երկար տարիներ պաշտոնավարել է նախարարությունում, դրանից առաջ զբաղեցրել է տարբեր պաշտոններ, բայց սկսել է դպրոցից և կրկին ցանկություն ունի դպրոց վերադառնալու, որովհետև այնտեղ իր գործունեությունն ավելի պտղաբեր կարող է լինել։