ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Բրիտանացի սուպերմոդել և դերասանուհի Նաոմի Քեմբլը The Wendy Williams Show հեռուստանախագծի շրջանակում պատմել է, թե ինչպես է կողոպտիչների զոհ դարձել:
Դեպքը տեղի է ունեցել 2012 թվականին Փարիզում, բայց համաշխարհային գեղեցկուհին հիմա է որոշել աշխարհին պատմել ողջ ճշմարտությունը: Այս մասին գրում է dni24.com-ը:
«Շվեյցարիայից Փարիզ ժամանեցի մասնավոր ինքնաթիռով: Պետք է հանդիպեի մի մարդու, որին հայր եմ անվանում (դիզայներ Ազեդին Ալայա — խմբ)», — պատմել է 46-ամյա մոդելը:
Հանդիպումից հետո, արդեն ավտոմեքենայում նրա վրա հարձակվել են կողոպտիչներն ու զենքի սպառնալիքով գումար և թանկարժեք իրեր պահանջել:
«Երբ ավազակները ներխուժեցին, ես արդեն հայրիկիս տնից բավական հեռու էի: Սկսեցի բղավել, օգնության կանչել, իմ բղավոցները լսեցին Ազեդին Ալայայի անվտանգության աշխատակիցները, իսկույն օգնության հասան և փրկեցին ինձ», — հիշել է Քեմբլը:
Սուպերմոդելը նշել է, որ լավ է հասկանում Քիմ Քարդաշյանին, որին կողոպտել էին երեք ամիս առաջ, և դեպքը կրկին Ֆրանսիայում էր եղել:
Քիմ Քարդաշյանին կողոպտել էին հյուրանոցի համարում: Հանցագործները վերցրել էին զարդերն ու գումարը և հեռացել: Այդ դեպքից հետո Քիմը երկար ժամանակ վախենում էր դուրս գալ տնից:
Նյութի ռուսերեն տարբերակը