ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆինանսական խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում: Ռուսաստանի առաջնության երկրորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ միանգամից մի քանի ակումբ ֆինանսների բացակայության պատճառով կանգնեց փաստի առջև, ու դեռևս հարց է՝ արդյո՞ք առաջնությունը կշարունակվի այն կազմով, որով սկսվել է:
Նախկինում Ռուսաստանի առաջնությունը հայերիս համար ավելի հետաքրքիր էր, քանի որ մեր հավաքականի մի քանի ֆուտբոլիստ ՝ Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսը, Մարկոս Պիզելլին, Ռոբերտ Արզումանյանը, Արթուր Սարկիսովը հանդես էին գալի ՌԴ-ի Պրեմյեր լիգայում: Այսօր մեր հավաքականի թեկնածուների թիվը Ռուսաստանի առաջնությունում կտրուկ նվազել է, բայց մենք այնտեղ դեռ ֆուտբոլիստներ ունենք:
Մի քանի օր առաջ Արթուր Սարկիսովը երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը «Մորդովիայի» հետ: ՖԱԼ-ում հանդես եկող «Մորդովիայից» հեռանալու պատճառը, առանց քննարկման, առաջին հերթին կապված է ֆինանսների հետ: Սարկիսովը «Մորդովիայի» կազմում թիմի 24 խաղից մասնակցել էր 20-ին ու դարձել 5 գոլի հեղինակ: Բայց հիմա արդեն մեր ֆուտբոլիստը ստիպված է լինելու նոր ակումբ փնտրել:
Պրեմյեր լիգայում էլ «Անժին» կտրուկ փոխեց իր մարտավարությունը: Ու պատճառը նորից ֆինանսներն էին: «Անժիի» արդեն նախկիին սեփականատեր Սուլեյման Քերիմովը հայտարարեց, որ հոգնել է ֆուտբոլից ու թիմի բաժնետոմսերի հիմանական մասը փոխանցվեց ակումբի նոր սեփականատեր Օսման Կադիևին: Այս փոփոխությունից բացի՝ ակումբը հայտարարեց, որ հրաժարվելու է առաջատար շատ խաղացողների ծառայություններից: Թիմից կհեռանան հիմնականում այն ֆուտբոլիստները, որոնք բարձր աշխատավարձ էին ստանում:
«Անժին» հրաժարվեց նաև ազգությամբ չեխ գլխավոր մարզիչ Պավել Վրբայի ծառայություններից: Իսկ հունվարի 5-ին «Անժին» հայտարարեց նոր գլխավոր մարզչի անունը: Մեր հայրենակից Ալեքսանդր Գրիգորանը գլխավորեց Դաղստանի թիմը: Գրիգորյանը առաջին անգամ է գլխավորում Պրեմյեր լիգայի թիմ: Մինչև «Անժի» տեղափոխվելը հայ մարզիչն աշխատում էր «ԲՄԱ-Խաբարովսկ» թիմում:
Լուրջ ֆինանսական դժվարությունների առջև է կանգնել նաև Պրեմյեր լիգայում հանդես եկող «Տոմ» թիմը: Նույնիսկ հարցականի տակ է թիմի մասնակցությունը Պրեմյեր լիգայի առաջնության երկրորդ հատվածին: Ներկայում «Տոմը» իննը միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Նյութի ռուսերեն տարբերակը