Հայաստանյան տոնական սեղանների շուրջ ամենահաճախ լսվող մաղթանքը խաղաղությունն է: Սահմանին կանգնած, հայրենիքի անվտանգությունն ապահովող հայ զինվորը ևս չի մոռացվում: Տոնական սեղանների շուրջ նրան մաղթում են անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ:
Sputnik Արմենիան այցելել է Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորներին, լսել ու փոխանցել նրանց շնորհավորանքը:
Երեք որդիների հայր, Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, սերժանտ Սուրեն Խանումյանը տանը հազվադեպ է լինում: Զավակների համար լավագույն նվերը Նոր տարին հոր հետ անցկացնելն է: Հայրը 3 տարի անընդմեջ Ամանորի գիշերը տանը չի եղել: Իսկ այս տարի մարտական հերթապահությունն այնպես է դասավորվել, որ տոնական սեղանի շուրջ Խանումյանների ընտանիքն ամբողջ կազմով նստի:
Իջևանի բնակիչ կապիտան Հրայր Խաչատրյանն ամսվա կեսն անցկացնում է ընտանիքից ու հարազատներից հեռու՝ հայրենիքի սահմանին: Նրա համար տոնական ամենակարևոր մաղթանքը խաղաղությունն է: Ամանորը Հրայր Խաչատրյանն արդեն 5-րդ տարին անընդմեջ դիմավորել է սահմանային տեղամասում՝ զինակից ընկերների հետ:
«Անհոգ եղեք, մենք կանք, մեր սահմանն անառիկ ենք պահում»,- հայրենակիցներին է դիմում Հրայր Խաչատրյանը՝ շնորհավորելով ու 2017թ-ին խաղաղություն մաղթելով: