ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետն ամփոփել է 2016 թվականը և ուղերձ հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։
«Ավարտին է մոտենում 2016 թվականը: Այն լի էր ինչպես կարևոր ծրագրերով ու ձեռքբերումներով, այնպես էլ որոշակի փորձություններով: Տարին մեզ ավելի համախմբեց ու վերահաստատեց, որ արժանավոր ժողովուրդ ենք: Այն նաև նոր հերոսներ տվեց, ու գալիք սերունդների համար հավերժացրեց նրանց անունները: Այսօր՝ տարեմուտի շեմին, իմ հարգանքի տուրքն եմ մատուցում մեր բոլոր այն հայորդիների հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին մեր երկրի խաղաղության և մեր ժողովրդի վաղվա օրվա համար»,- նշված է քաղաքապետի ուղերձում:
Տարոն Մարգարյանն ուրախությամբ է արձանագրել, որ Երևանը հերթական տարին ամփոփում է կարևոր ձեռքբերումներով: Ըստ նրա`2016 թվականի նվաճումների մեջ առանձնացան նաև այնպիսիք, որոնք տասնամյակներ շարունակ սպասված, խոշոր ծրագրեր էին: Ավարտվող տարում մենք շարունակեցինք իրականացնել հավակնոտ նախագծեր: Շահագործման հանձնվեցին նոր ճանապարհներ, բարեկարգվեցին փողոցներ, մայթեր ու բակեր, կանաչ տարածքներ՝ ձգտելով Երևանը դարձնել ավելի հարմարավետ, մատչելի ու ապահով:
«Կատարված աշխատանքներում, իհարկե, մեծ էր ձեր դերը, սիրելի՛ համաքաղաքացիներ: Ակնհայտ է, որ ամենաբարդ խնդիրն անգամ լուծելի է, եթե կա վստահություն, համախմբվածություն և մեր քաղաքը ավելի լավը դարձնելու միասնական կամք: Համոզված եմ, որ 2017 թվականին, շարունակելով համատեղել մեր ջանքերը, կունենանք նոր ձեռքբերումներ՝ այսօրվա Երևանի և գալիք սերունդների համար»,- նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը բարեմաղթանքներ է հղել երևանցիներին։
«Թո՛ղ 2017 թվականն անսպառ ջերմություն, անսահման սեր ու բարեկեցություն բերի բոլորիս օջախներին: Թո՛ղ, որ գալիք տարին խաղաղության, համերաշխության, վերելքի և բարօրության տարի լինի մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի համար»,- ասել է նա: