ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Փոքրիկ հանդիսատեսն անհամբերությամբ էր սպասում էր Cartoon Non-Stop անունը կրող համերգին, որը կայացավ դեկտեմբերի 26-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտները դեռ բեմ դուրս չէին եկել, իսկ երեխաներն արդեն ծափահարում էին` հասկացնելով, որ սպասում են իրենց սիրած մուլտֆիլմերում հնչող ստեղծագործություններին։
Նվագախումբն իր հանդիսատեսի համար որոշ կոմպոզիցիաներ նվագեց Ուոլթ Դիսնեյի մուլտֆիլմերից, բեմում հնչեցին նաև «Գեղեցկուհին և հրեշը», «Կունգֆու-Պանդա», «Շրեք», «Առյուծ արքա», «Վարդագույն հովազը» մուլտֆիլմերի ստեղծագործությունները։
Կախարդական մթնոլորտը լիարժեք դարձրին էկրանին ցուցադրվող կադրերը, որոնք զուգորդվեցին դասական երաժշտությամբ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը համերգից առաջ լրագրողներին պատմեց, որ փոքրիկ հանդիսատեսը բազում նամակներ էր գրել երաժշտական կոլեկտիվին։
«Հանդիսատեսը սիրել է Cartoon Non-Stop նախագիծը, և այսօրվա «հանկարծակի» համերգն այդ նախագծի հաջողության ապացույցն է», — ասաց Սմբատյանը։
Նրա խոսքով` հասարակությունը դրական զգացմունքների պակաս ունի, և իրենց նախագիծը լրացնում է այդ բացը։։
Դիրիժորը կարծում է, որ իրենց հաջողության գրավականն է այն, որ կոլեկտիվի հասցեին շուրջ 500 նամակ է ուղարկվել`կրկին համերգ անցկացնելու խնդրանքով։
«Մենք որոշեցինք տարին չավարտել առանց Non-Stop-ի և հատուկ մեր փոքրիկ հանդիսատեսի համար կազմակերպեցինք այս տոնը։ Մեզ հաջողվում է դասական երաժշտության հնչյունների ներքո ցույց տալ նրանց սիրած աշխարհը։ Դա շատ կարևոր է», — ասաց Պետական երիտասարդական նվագախմբի դիրիժորը։
Նրա խոսքով` առաջին անգամ է, որ համերգի օրը որոշվել է ոչ թե նվագախմբի ցանկությամբ, այլ` երեխաների։
Ինչպես նշեց Սմբատյանը, համերգի այս ձևաչափը գրավիչ է ոչ միայն փոքրիկների, այլև մեծահասակների համար։
Cartoon Non-Stop համերգային ծրագիրը յուրօրինակ շարունակություն է 2012 թվականին մեկնարկած Hollywood Non-Stop նախագծի, որը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց հանդիսատեսի շրջանում։
Նյութի ռուսերեն տարբերակը