ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը շնորհավորեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, մաղթեց ջերմություն, խաղաղություն և սեր նրանց ընտանիքներին:
«Ցանկանում եմ, որ Նոր տարվա տոներից հետո բոլորդ աշխատանքի վերադառնաք վաղվա օրվա հանդեպ լավատեսությամբ, անհանդուրժողական ու լավ առումով ագրեսիվ ձեր աշխատանքի նկատմամբ՝ ձեր ֆունկցիաներն ու առաքելությունը կատարելու: Չեմ թաքցնում, որ մենք ձեզանից ակնկալում ենք և´ քննադատություն, և´ խորհուրդ, և´ առաջարկություն, բայց շատ շահագրգռված ենք, որ այդ ամենը լինի կառուցողական, կիրառական, առարկայական և մասնագիտական»,-ասաց վարչապետը։
Նա հույս հայտնեց, որ ներկաները Նոր տարին կանցկացնեն ուրախ բարեմաղթանքներով, որոնք, ըստ վարչապետի, պարտադիր կերպով իրականություն կդառնան։
Վարչապետ Կարապետյանը պատվոգրեր ու շնորհակալագրեր շնորհեց մի շարք լրագրողների։
ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և լուսաբանելու համար ՀՀ վարչապետի շնորհակալագիր ստացավ նաև Sputnik Արմենիայի լրագրող Գոհար Սարգսյանը։