ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Մարդիկ ցեղասպանության մասին կգրեն ու կխոսեն այնքան, քանի դեռ դրանք շարունակվում են: Իսկ շարունակվում են, որովհետև դեռևս «քաղաքակիրթ» աշխարհը չի դատապարտել ոչ վաղ անցյալում կատարվածը:
Աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցներն ամեն բան անում են Հայոց Ցեղսպանության մասին բոլորին պատմելու, ճշմարտությունը ներկայացնելու, արդարացի լուծման հասնելու համար:
Թեպետ, մեկ հարյուրամյակ է անցել, բայց անմեղ զոհերի հոգիները դեռ հատուցման են սպասում, իսկ նրանց սերունդներն ամեն բան անում են՝ նախնիների ոսկորներին հանգստություն պարգևելու համար:
Օրերս Լոնդոնում հայ նկարիչը տեղի համայնքին ու լոնդոնցիներին ցուցահանդեսի միջոցով պատմում էր 100 տարի առաջ տեղի ունեցածի մասին:
Լոնդոնի Հայ Առաքելական սուրբ Սարգիս եկեղեցուն կից Գյուլբեկյան սրահում հայ նկարիչ Լեմս Ներսիսյանն իր նկարների միջոցով բոլորին պատմում էր 20-րդ դարի 1-ին ցեղասպանության մասին: Իսկ այցելուները քիչ չէին:
Նկարչի անհատական ցուցահանդեսը յուրօրինակ էր նրանով, որ այնտեղ տեղ էին գտել նաև աշխարհի այն մեծերի դիմանկարները, որոնք բարձրաձայնել են Հայոց ցեղասպանության խնդիրը, իսկ դիմանկարի կողքին նրանց՝ մեզ համար շատ կարևոր մտքերն են գրված:
Իր մեկ տարվա աշխատանքը նկարիչը ցուցադրել է տարբեր երկրներում, տարբեր ազգերի արվեստասերներ հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայերիս համար կարևոր խնդրին: