ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվայում մահացել է Իոսիֆ Ստալինի թոռ Եվգենի Ջուգաշվիլին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով շտապօգնության տեղեկատու ծառայությանը։
80-ամյա Ջուգաշվիլու մահվան պատճառը դեռ հայտնի չէ, հայտնում է գործակալությունը։ Եվգենի Ջուգաշվիլին ծնվել է 1936 թվականին՝ Ստալին Յակովի ավագ որդու ընտանիքում։
Նա սկսեց զինվորականի կարիերան` ընդունվելով Կալինինսկու սուվորովյան ուսումնարան, այնուհետև շարունակելով ուսումը Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներային ակադեմիայում։
Ջուգաշվիլին ռազմական ինժեներ դարձավ Սերգեյ Կորոլյովի կոնստրուկտորական բյուրոյում, մասնակցել է «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից տիեզերանավերի, այդ թվում՝ տիեզերագնաց Յուրի Գագարինի առաջին տիեզերանավի, պատրաստմանն ու գործարկմանը։
Ավելի ուշ Ջուգաշվիլին հետաքրքրվեց ռազմական պատմությամբ, թեկնածուական թեզ պաշտպանեց և երկար տարիներ դասավանդեց ռազմական ակադեմիայում։ 55 տարեկանում գնդապետ Ջուգաշվիլին լքեց զինված ուժերը։
1991 թվականից նա սկսեց մասնակցել ռուսական և վրացական քաղաքականությանը՝ որպես կոմունիստական շարժման ակտիվիստ։ Ջուգաշվիլին բազում անգամներ դատվել է տարբեր ԶԼՄ-ների հետ` պապի պատիվը պաշտպանելով։
2015 թվականին գրեց «Իմ պապը` Ստալինն է։ Նա սուրբ է» հուշերի գիրքը, ինչպես նաև խաղաց Ստալինի դերը իր հոր` Յակով Ջուգաշվիլու մասին ֆիլմում։ Հրետանավոր, ավագ լեյտենանտ Յակով Ջուգաշվիլին, գերի էր ընկել 1941 թվականի հուլիսին և մահացել 1943 թվականի ապրիլին Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբարում։