ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Վրաց ռեժիսոր Գեորգի Սիխարուլիձեի «Կարմիր խնձորները» կարճամետրաժ ֆիլմը ներառվել է Կլերմոն-Ֆերանե (Ֆրանսիա) կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի մրցութային ծրագրում, գրում է Sputnik Վրաստանը։
1979 թվականին հիմնադրված փառատոնն այսօրվա դրությամբ կարճամետրաժ ֆիլմերին նվիրված աշխարհի ամենահեղինակավոր կինոֆորումներից է։ Փառատոնն այս անգամ կանցկացվի 2017 թվականի փետրվարի 3-ից 11-ը։
Վրաստանի հետ մեկտեղ կինոփառատոնի մրցութային ծրագրում ներառվել են նաև Ռուսաստանի, Իրանի, Լիբանանի, Կուբայի, Եգիպտոսի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Կանադայի և Եվրոպայի երկրների ռեժիսորների ֆիլմերը, հայտնել են Վրաստանի կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնում։
«Կարմիր խնձորները» պատմություն է, որը զարգանում է հին հայկական հարսանեկան ավանդույթի շուրջ, համաձայն որի առաջին ամուսնական գիշերվանից հետո տղայի ծնողները հարսի ծնողներին կարմիր խնձորներ են ուղարկում` ի նշան աղջկա կուսության և իրենց երախտագիտության։ Երևանում նկարահանված ֆիլմի սցենարի հեղինակը` Օֆելյա Հարությունյանը, Հայաստանից է։
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի, Վրաստանի և ԱՄՆ-ի համագործակցությամբ։ 28-ամյա ռեժիսոր Գեորգի Սիխարուլիձեն ծնունդով Թբիլիսիից է։ Նա բակալավրի աստիճան է ստացել Նյու Յորքի (ԱՄՆ) համալսարանում, այժմ կինոռեժիսորի մագիստրոսի կոչում է ստանում Կոլումբիայի համալսարանում (ԱՄՆ)։ «Կինոռեժիսուրա» և «Հոգեվերլուծություն և կինո» թեմաներով դասախոսություններ է կարդում ԱՄՆ-ի Հյուսիս-արևմտյան և Կոլումբիայի համալսարանում։
Նյութի ռուսերեն տարբերակը

