ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը:
Ինչպես նշված է ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում, երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ին, թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավարին կներկայացնի նախարար Արմեն Ամիրյանը:
Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը հայտնի է «Ապրիլ», «Ձայն բարբառոյ…», «Տեր ողորմեա» (KYRIE ELEISON), «Լռության սիմֆոնիա», «Քրմուհին» կինոնկարներով։ 1994-ին «Ձայն բարբառոյ…» կինոնկարի համար արժանացել է Հյուսթոնի համաշխարհային կինոփառատոնի «Ոսկե մրցանակին»։
2001-ին ՀՀ անկախության հռչակման 10-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ 2006-ին ստացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Անահիտ» մրցանակը՝ հայ կինոյում մեծ ավանդ ներդնելու համար։ 2007-ին նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: