ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Sputnik Արմենիայի հյուրերը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի 30 առաջինկուրսեցիներն էին։ Sputnik Արմենիայի աշխատանքի մասին նրանց պատմեց մուլտիմեդիոն գործակալության գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը։
«Լրագրությունը կենսակերպ է։ Եթե դուք պատրաստ չեք նման աշխատանքի, ապա ավելի լավ է ուրիշ մասնագիտություն ընտրեք։ Փորձեք ձեզ այլ բնագավառում, հնարավոր է՝ դուք այնտեղ փայլուն արդյունքների հասնեք», — ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալինա Օրդյանը։
Նրա խոսքով` լրագրողի համար, ինչպես ցանկացած այլ մասնագիտության մեջ, հաջողության գրավականն անկեղծությունն է։ Պետք է հիշել, որ մարդկանց կարողությունները սահմանափակ չեն, բայց այդ կարողությունները նաև ճիշտ կիրառման կարիք ունեն։
Հանդիպման ընթացքում շոշափվեցին մուլտիմեդիոն խմբագրության գործունեության բոլոր ասպեկտները՝ ռադիոյի, մամուլի կենտրոնի և կայքի գործակցությունը։
Ուսանողներին ներկայացվեց, թե ինչպես է աշխատում մուլտիմեդիոն խմբագրությունը տարբեր իրավիճակներում, օրինակ` ապրիլյան իրադարձությունների, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ։ Ցուցադրվեց նաև «28 տարի անց… գտնված երազը» ֆիլմը, որը նկարահանել է Sputnik Արմենիայի կոլեկտիվը։ Սյուժեի հիմքում մարդկային պատմություններ են, որոնց միավորել է 1988թ-ի երկրաշարժը։
Երկրաշարժից 28 տարի անց Կազբեկ Կուդզաևը, որն ապրում և աշխատում է Վլադիկավկազում, Facebook-ի իր էջում հուզիչ գրառում էր արել։ Նա փնտրում էր մի աղջկա, որին փրկել էր ավերիչ երկրաշարժից հետո։ Հենց այդ գրառումն էլ Sputnik Արմենիայի կոլեկտիվի համար առիթ էր հանդիսացել Կուդզաևի հիվանդների որոնումները սկսելու համար։
«Ի սկզբանե մենք ինքներս էլ կասկածում էինք, որ կարող ենք գտնել այդ մարդկանց, 28-ամյա վաղեմություն ունեցող լուսանկարի «թագով աղջկան»։ Բայց բոլոր ջանքերը գործադրեցինք և կարողացանք ոչ միայն գտնել նրանց, այլ նաև՝ կազմակերպել Կուդզաևի և նրա նախկին հիվանդների հանդիպումը», — ասաց Օրդյանը։
Sputnik Արմենիայի անցկացրած լրագրողական հետաքննությունն իսկական լրագրության յուրօրինակ խորհրդանիշ դարձավ՝ հեռու դեղին մամուլից և քարոզչությունից։ Sputnik-ի լրագրողները չեն ընկնում սենսացիաների հետևից, այլ գրում են այն, ինչի մասին լռում են մյուսները։
Sputnik Արմենիան գործունեությունը սկսել է 2015 թվականին և Sputnik միջազգային նախագծի մի մասնիկն է կազմում։ Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն: