ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Մայրաքաղաքում շարունակվում են ձնմաքրման աշխատանքները: «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների, համատիրությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսների ներգրավմամբ աշխատանքներ են տարվում ինչպես գլխավոր և երկրորդական փողոցներում, այնպես էլ մայթերի, կանգառասրահների հարակից տարածքների, բակերի և միջբակային աստիճանահարթակների մաքրման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Հաշվի առնելով այն, որ տեղումները կարող են շարունակվել գիշերային ժամերին, և հնարավոր է նաև ջերմաստիճանի անկում, համապատասխան բոլոր ծառայություններին հանձնարարվել է աշխատել արտակարգ ռեժիմով, որպեսզի նվազագույնի հասցվի տեղումներով պայմանավորված հնարավոր անհարմարությունները:
Ձնմաքրման աշխատանքների ընթացքին տեղերում շարունակում են հետևել վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի աշխատակիցները: Քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են: