ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Աբորտներ արած կանայք և նրանց օգնած բժիշկ գինեկոլոգները Սուրբ երրորդության վանք կկառուցեն։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի Պատրիարքարանին։
«Աթեիզմի ժամանակաշրջանում շատերը չեն գիտակցել, թե որքան մեծ մեղք է աբորտը և դա որպես սովորական երևույթ են ընկալել։ Հետո, երբ մեր բնակչության մեծամասնությունը սկսեց եկեղեցական կյանք վարել, այն մայրերը, որոնց անհանգստացնում էր աբորտի մեղքը, ցանկություն հայտնեցին Սուրբ երրորդության եկեղեցին կառուցել` ի նշան զղջման», — գրված է հաղորդագրության մեջ։
Եկեղեցին կկառուցվի Թբիլիսիի Խուդադովսկի անտառին հարող տարածքում։ Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդն օրհնել է շինարարների խմբին և հաջողություն մաղթել նրանց։ Միայն 2012 թվականին Վրաստանում արհեստական վիժեցման 40 հազար դեպք է գրանցվել։ 2014 թվականին այդ թիվը նվազել է և հասել 33 հազարի։
Վրաստանի «Սակստատ» (Գրուզստատ) ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` երկրում 2015 թվականին ծնված տղաների թիվը 9%-ով քիչ է աղջիկների թվից. 2015 թվականին 59 հազար 249 ծնունդ է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, Վրաստանում ծնելիությունը 2015 թվականին, 2014 թվականի համեմատ, կրճատվել է 2,3%-ով, իսկ մահացությունն աճել է 0,7%-ով։
Նյութի ռուսերեն տարբերակը
