ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Ոստիկանությունը հայտնում է, որ մարդիկ շարունակում են հանձնել անօրինական պահվող զենք-զինամթերքը։
Ոստիկանության Նաիրիի բաժնի և Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 11-ին, ժամը 17.05-ին բաժանմունք է ներկայացել 1975 թ. ծնված Գագիկ Տ.-ն և կամավոր հանձնել տրոտիլային 1 պայթագլանակ, ինքնաձիգի 1 փամփշտակալ և 5.45 տրամաչափի 29 փամփուշտ:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 10-ին, ժամը 11.15-ին, 1963 թ. ծնված Սամվել Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի, մեկփողանի, կարճեցված փողով և կարճեցված խզակոթով 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 58 և 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ: