ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, հունվարի 7-ին և 8-ին առաջին անգամ տեղի կունենա «Սառցե սիրտը» անսովոր շոուն, որը ստեղծվել է նշանավոր գերմանացի հեքիաթագիր Վիլհելմ Հաուֆի ստեղծագործության մոտիվներով, հաղորդում են կազմակերպիչները։
Դերերում հանդես են գալիս Ռուսաստանի գեղասահքի հավաքականի գործող մարզիկները և երկրի լավագույն սառցե շոուի մենակատարները։ Գլխավոր դերերը վստահվել են բազմաթիվ սպորտային մրցանակների դափնեկիրներ Ալեքսեյ Ռոգանովին և Քրիստինե Աստախովային։
Գեղասահքի սիրահարներն այս զույգին կհիշեն 2016թ-ի աշխարհի առաջնությունից։ Այդ ժամանակ նրանց հաջողվել է աչքի ընկնել արտիստիկ ծրագրերով և կատարման բարձրագույն վարպետությամբ։ Կազմակերպիչները վստահեցնում են, որ բոլորի կողմից սիրված «Սառցե սիրտը» հեքիաթի մոտիվներով գունեղ սառցե շոուն անտարբեր չի թողնի ո՛չ երեխաներին, ո՛չ մեծահասակներին։
Աննայի, Էլզայի, Քրիստոֆի և Օլաֆի զարմանահրաշ արկածները, ծանոթ մեղեդիները, դինամիկ վիդեո-դեկորացիաները և զվարճալի հագուստները կգրավեն փոքրիկների ուշադրությունը, իսկ նրանց մեծահասակ ուղեկիցները կկարողանան վայելել որակյալ գեղասահք և ժամանակակից պարարվեստ։
Ներկայացման բեմադրող-պարուսույցն է համաշխարհային սառցե շոուների մենակատար, հայտնի մարզիչ, մարզական ծրագրերի և սառցե շոուների (այդ թվում` Սանկտ Պետերբուրգի սառցե թատրոնի «Յունոնա և Ավոս», «Ալիսան հրաշքների աշխարհում») բեմադրող-պարուսույց Նիկիտա Միխայլովը, որը բեմադրել է նաև Եվգենի Պլշյուշենկոյի մի շարք սառցե շոուներ։
«Սառցե սիրտը» շոուի պրեմիերան կայացել է Ձմեռային մարզաձևերի տոնի ժամանակ և արժանացել Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի պատվոգրի։