Քրիստինե Մանգասարյանը կարողացավ շարունակել իր ելույթները՝ հանդես գալով Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում: Հիմա հայուհին հանդիսանում է շվեդական ԱԻԿ թիմի կազմում: Այսինքն, Քրիստինեն միակ հայ ֆուտբոլիստուհին է, որը ներկայացնում է Հայաստանը Եվրոպայում:
Հայաստան ժամանելուց հետո Քրիստինեն սիրով պատասխանեց Սպուտնիկ Արմենիայի հարցերին: Զրույցը վարեց Խաչիկ Չախոյանը։
-Քրիստինե, ինչպե՞ս ես քեզ զգում Շվեդիայում:
Ինչպես իմ տանը: Շվեդիայում կանանց ֆուտբոլը շատ զարգացած է, ու մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք: Մի բան, որ Հայաստանում երբեք չեմ զգացել:
- Կանանց ֆուտբոլի զարգացման հարցում ի՞նչ տարբերություն կա Շվեդիայում՝ մեր երկրի հետ համեմատած:
Կարծում եմ՝ ամեն ինչ հոգեկերտվածքի հետ է կապված: Շվեդիայում 5 տարեկանից աղջիկները սկսում են մարզվել: Դպրոցներում ֆուտբոլ է դասավանդվում: Ինձ թվում է, որ Շվեդիայում աղջիկների 90 տոկոսը զբաղվում է ֆուտբոլով: Հայաստանում ծնողների մեծ մասը չեն ընկալում, թե ինչ է ֆուտբոլը աղջկա համար: Ես շատ աղջիկներ գիտեմ, որոնք ուզում են զբաղվել ֆուտբոլով, բայց ծնողներն արգելում են: Կոնկրետ ինձ համար ֆուտբոլը կյանք է:
-Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցին Շվեդիայում:
Շատ դժվար ճանապարհ էր, որովհետև երբ լսում են, որ Հայաստանից ես՝ միանգամից չեն ուզում: Զանգեցի առաջարկեցի իմ ծառայությունները, ու ինձ փորձաշրջանի հրավիրեցին: Մեկ օր մարզվելուց հետո ինձ պայմանագիր առաջարկեցին:
-Ինչպիսի՞ն է ֆուտբոլիստուհու կյանքը խաղադաշտից դուրս:
Շվեդիայում, պատկերացրեք, նույնիսկ մարզումների գալիս աղջիկները հագնվում է կանացի՝ կոսմետիկա օգտագործած: Այսինքն, ինչպես որ բնորոշ է կանանց: Եվ դժվար է գուշակել, որ տվյալ աղջիկը գնում է ֆուտբոլի մարզման: Ոչ մի տարբերություն չկա՝ ինքը ֆուտբոլիստ է թե լրագրող, կամ բժիշկ:
-Իսկ անձնական կյանքին ֆուտբոլը խանգարո՞ւմ է: Թիմում ամուսացած ֆուտբոլիստուհիներ կա՞ն:
Մեր թիմում հիմնականում երիտասարդ աղջիկներ են, իսկ Շվեդիայում ամուսնանում են բավականին ուշ: Բայց թիմի աղջիկների 60 տոկոսը ունի ընտրայլ, որը գալիս է մարզադաշտ՝ խաղերին հետևելու:
-Դժվար է պատկերացնել, որ զբաղվելով պրոֆեսիոնալ ֆուտբոլով՝ աղջիկները չեն կորցնում անձնական կյանքը: Ծանրաբեռնված մարզումներից հետո շատ կարևոր է հանգստանալ, այլ ոչ թե այցելել շփման վայրեր: Ստացվում է, որ ֆուտբոլը ինչ-որ տեղ նաև խանգարում է:
Ես իմ փորձով կասեմ: Ես ամեն ինչ հասցնում եմ: Դե, պարզ է, որ ամուսնացածները երեխա են ունենում: Եվրոպայում նման դեպքերում դիմում են դայակի օգնությանը: Լինում են դեպքեր, երբ հայրն է խնամում երեխային, իսկ մայրը գնում է ֆուտբոլի:
-Իսկ քո խաղերի ժամանակ հայ երկրպագուներ լինում են տրիբունաներու՞մ:
Ոչ, չեն լինում: Ճիշտ է, հայերի թիվը Շվեդիայում այնքան էլ մեծ չէ, բայց ես կարծում եմ՝ ովքեր էլ որ այնտեղ են՝ ուղղակի չգիտեն, որ հայ աղջիկ է խաղում շվեդական թիմում:
-Մեր հավաքականի մյուս ֆուտբոլիստներից ու՞մ է հաջողվել ակումբ գտնել:
Քրիստինե Ալեքսանյանը հանդես է գալիս Ռուսաստանում՝ «Ռոսիյանկա» թիմում: Քրիստինեն մեծ հաջողությունների է հասել, ու ես հպարտանում եմ նրանով: Իսկ մյուսներն աշխատում են տարբեր ոլորտներում:
-Ֆինանսական առումով կանանց ֆուտբոլը տարբերվում է տղամարդկանց ֆուտբոլից:
Տարբերվում է, այն էլ ինչպես: Ընդ որում, ի վնաս կանանց: Տղամարդկանց ֆուտբոլում աստղաբաշխական գումարներ են վաստակում:
-Ի՞նչ պլաններ ունես ապագայի հետ կապված:
Շվեդիա վերադառնալուց հետո փորձաշրջան եմ անցնելու «Համարբյու» թիմում: Ձգտելու եմ լավ որակ ցուցադրել, որպեսզի իմ անուն-ազգանունը ավելի հաճախակի նշվի: Չէ՞ որ այդ ժամանակ արդեն շատերը կհետաքրքրվեն, թե որտեղից եմ ես: