ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ:
Քաղաքապետը դժգոհությունն է հայտնել աշխատանքների կազմակերպման և պարտականությունների կատարման հարցում առկա թերացումներից:
Նա հիշեցրել է, որ բոլորի առջև պահանջ էր դրվել հետևողական ու կոշտ պայքար տանել ապօրինի շինարարությունները հայտնաբերելու, կասեցնելու և նման շինությունները քանդելու ուղղությամբ, իսկ քաղաքացիների հետ շփումներում էլ լինել ազնիվ, քանի որ մեկ աշխատակցի անազնիվ քայլը ստվերում է բոլորի աշխատանքը:
«Եվ բոլորդ զգուշացված էիք, որ սահմանված սկզբունքից ցանկացած շեղում իմ կողմից գնահատվելու է որպես աշխատանքային պարտականությունների կոպիտ խախտում, ինչն անպայման ունենալու է համապատասխան հետևանքներ: Վարչության պետն ու ծառայության պետն էլ պետք է խստորեն վերահսկեին սահմանված սկզբունքների պատշաճ կատարումը, սակայն անկախ կատարված աշխատանքների ծավալից, արդյունքը գնահատում եմ ոչ բավարար»,- ասել է քաղաքապետը:
Նա նշել է, որ այս տարվա ընթացքում 15 աշխատակիցներ արդեն հեռացվել են աշխատանքից, քանի որ չարաշահել են քաղաքապետարանի և երևանցիների վստահությունը:
«Սահմանված սկզբունքները խախտողները միանշանակ պե՛տք է ազատվեն աշխատանքից, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Բայց միայն աշխատանքից ազատումը խնդրի լուծում չէ: Մշակեք վերահսկողության կանխարգելիչ այնպիսի մեխանիզմներ, որոնք առավելագույնս կբացառեն կոռուպցիոն բոլոր ռիսկերը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նշել է, որ կարճ ժամանակահատվածում ակնկալում է այնպիսի արդյունքներ, որոնք արմատապես կլուծեն ոլորտում առկա խնդիրները։