ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Հաշմանդամ չճանաչված, բայց բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիները 2017թ-ին անվճար բուժօգնության իրավունք կստանան: Կառավարությունը մտադիր է փոխել գործող կարգը:
Հաշմանդամ ճանաչված քաղաքացիները ստանում են հաշմանդամության նպաստ, անվճար բուժօգնություն, իսկ նրանք, ովքեր, թեև ունեն առողջական խնդիրներ, բայց բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, ներկայում գործող կարգով զրկվում են պետության սահմանած բոլոր արտոնություններից: Այլ կերպ ասած՝ գործում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը: Այսօր Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում, լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը:
Սոցիալական ապահովության ոլորտում գտել են խնդրի լուծման բանալին: 2017-ին կներդրվի հաշմանդամության սահմանման նոր կարգ, որից գոհ կմնան անգամ մերժում ստացած քաղաքացիները:
«Նոր կարգի համաձայն` ովքեր հաշմանդամ չեն ճանաչվի, կգնահատվեն նրանց իրական կարիքները, և դրանց համաձայն` նրանք կստանան այն ամենը, ինչի կարիքն ունեն՝ բուժօգնության կամ զբաղվածության տեսքով: Այսինքն՝ կստանան գոնե պետպատվերով բուժօգնության իրավունք, ինչի շնորհիվ նրանց հիվանդությունը չի ծանրանա, որպեսզի հետագայում հաշմանդամ չդառնան»,- ասաց Սողոյանը:
Ի դեպ, նոր կարգի համաձայն, քաղաքացին կարող է բժշկասոցիալական փորձաքննության ներկայանալ իր նախընտրած բժիշկ- մասնագետի հետ, ինչի իրավունքը գործող կարգով փորձաքննվողները չունեին: Հենց այս արգելքն էլ շատ հաճախ ընկալվում էր իբրև չարաշահումների հնարավոր ռիսկ: Իսկ եթե հանձնաժողովը քաղաքացուն հաշմանդամ չէր ճանաչում, քաղաքացու մոտ կասկած էր առաջանում, որ իր նկատմամբ անարդար որոշում է կայացվել:
Արմեն Սողոյանի խոսքով, սակայն, անարդար որոշում չի կայացվում և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մասնագետների գործողությունները բխում են գործող կարգերից:
Այդուհանդերձ, բանախոսը չբացառեց, որ կոռուպցիոն ռիսկեր ոլորտում առկա են: Ավելին` կան նաև բացահայտված դեպքեր:
2015-16 թթ-ին հայտնաբերված չարաշահումների արդյունքում հանձնաժողովների 3 նախագահներ ազատվել են աշխատանքից, 4 բժշկի հայտարարվել է նկատողություն:
Նոր կարգն, Արմեն Սողոյանի խոսքով, կսկսի գործել ամենաուշը 2017թ-ի ապրիլից: Օրենսդրական փոփոխությունների նախագծերն արդեն պատրաստ են և սպասում են կառավարության հաստատմանը:
2016թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 204 770 հաշմանդամ, որոնցից 8 147-ը՝ երեխաներ:
Հաշմանդամության պատճառ հանդիսացած հիվանդությունների առաջին տեղում արյան շրջանառության հիվանդություններն են (31,5%), երկրորդ տեղում՝ հոգեկան հիվանդություններ (10,9%), դրանց հետևում են նորագոյացությունները (8,3%), նյարդային համակարգի (8,1%) և էնդոկրին հիվանդությունները (7,6%):