«Հրապարակ». ՀՀԿ-ում ցուցակագրումն սկսվել է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ցուցակագրումն արդեն սկսվել է, «վերեւներում» հին ցուցակը դրած՝ գրում-ջնջում են, թե ովքեր են դուրս թռչելու, ովքեր նորից մանդատ ստանալու շանս ունեն, որոշ պատգամավորներ արդեն ստացել են իրենց «սեւ թուղթը», բոլորն ահով սպասում են։
Արդեն վճռված է հին գվարդիայի հարցը՝ Ռազմիկ Զոհրաբյան, Վազգեն Կարախանյան, Մկրտիչ Մինասյան, Համլետ Հարությունյան քառյակը չի լինի հաջորդ խորհրդարանում, չեն լինի նաեւ «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր ապարանցի Վրեժ Մարկոսյանը, գործարար Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, ինչպես նաեւ ջավախահայ Տաճատ Վարդապետյանը։ Ի դեպ, Մարկոսյանն ինքը ցանկություն չունի նորից խորհրդարան գնալու»:
«Հրապարակ». Կառավարությունը հետաձգել է փոխմարզպետների կրճատման հարցը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը հետաձգել է փոխմարզպետների կրճատման հարցը։ Չնայած հայտարարվեց, թե կառավարությունն ավելի կոմպակտ դարձնելու ու պետապարատում օպտիմալացումներ անելու անհրաժեշտություն կա, իսկ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ գործադիրը քննարկում է փոխմարզպետների կրճատման հարցը, սակայն սայլը տեղից չի շարժվում։
Տեղեկություններ կան, որ այս պաշտոններում, այսպես կոչված, պատահական մարդիկ չեն, այնպես, ինչպես ԾԻԳ-երի կամ ՊՈԱԿ-ների շարքային աշխատակիցները, այդ պատճառով էլ ընտրություններից առաջ վտանգավոր է համարվում նրանց դիպչելը։ Մինչդեռ հանձնարարական էր անգամ տրված, որ մարզպետներից ստանան կրճատումների հետ կապված առաջարկություններ, որից հետո կառավարությունը որոշում կկայացնի։ Որոշ հաշվարկներով, յուրաքանչյուր փոխմարզպետ տարեկան 5-7 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, յուրաքանչյուր մարզպետ առնվազն երկու տեղակալ ունի»։
«Ժամանակ». Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան նախօրեին կայացած դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները։ Ըստ էության` այս հանդիպումը վերջակետ է դրել բոլոր կասկածներին, և Սերժ Սարգսյանն անձամբ է փորձել հասկանալ Ծառուկյանի իրական սպասումներն առաջիկա ընտրություններից։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին նույնիսկ առաջարկել է ՀՀԿ-ի հետ միասնական դաշինքով մասնակցել ընտրություններին, ինչին, ըստ նախնական տեղեկությունների, դեմ է եղել Ծառուկյանը, որը որոշել է առաջիկայում հանդես գալ չափավոր ընդդիմադիր դիրքերից։
«Ժողովուրդ»․ Նախարարները՝ վարչապետի գլխավորությամբ, որեւէ լումա չեն ներդրել ՀՀԿ-ում
«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից հետաքրքրվել է՝ նորագիր ՀՀԿ-ականները որքա՞ն անդամավճար են տվել կուսակցությանը: Պարզվեց՝ նոր անդամագրված 7 հազար անդամներից ոչ ոք, այդ թվում եւ նախարարները՝ վարչապետի գլխավորությամբ, որեւէ լումա չեն ներդրել կուսակցությունում:
«Դեռ չեն մուծել, որոշակի գործընթաց կա, առաջիկա ամիսների, շաբաթների ընթացքում նոր կմուծեն իրենց համար ցանկալի գումարը, դա կլինի 100 դրամ, 1000 դրամ, իրենք կորոշեն»,- տեղեկացրեց Թադեւոսյանը:
«Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել՝ որքան են պատրաստվում ներդնել ՀՀ ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը եւ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը:
Ուշագրավն այն էր, որ նրանք անգամ տեղյակ էլ չէին, որ նման բան գոյություն ունի:
Ի դեպ, նոյեմբերի 26-ին կայացած ՀՀԿ 16-րդ համագումարի օրը հայտարարվել էր, որ 2014 ապրիլի մեկից մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում անդամավճարներից գոյացել է 622 մլն 211 հազար դրամ»:
«Հայկական ժամանակ». Տարօրինակ հիմնադրամ կառավարության կողմից
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է մի հարց, որը վերնագրված է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ ստեղծելու մասին»: Հաստատվելու է նաև այդ հիմնադրամի կանոնադրությունը և հոգաբարձուների խորհրդի կազմը:
Այս տարօրինակ անվանումով հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գլխավորելու է Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը: Խորհրդի կազմում են նաև ֆիննախարար Վարդան Արամյանը, տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը և «Անիվ» հիմնադրամի նախագահ Արտյոմ Կոստանդյանը: Ուսումնասիրելով կանոնադրությունը, կարելի է պնդել, որ հիմնադրամին վերապահվում են կառավարության գործառույթներ:
Նպատակների մեջ նշվում է, որ հիմնադրամը պետք է աջակցի օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակմանը, բարձրացնի երկրի ներդրումային ունակությունները, ապահովի ֆինանսական հոսքերի արագ աճ, օժանդակի տնտեսության դիվերսիֆիկացմանը և այլն: Ուշագրավն այն է, որ այսպիսի մեգանպատակներ և այսպիսի անվանում ունեցող հիմնադրամ ստեղծելու մասին մինչ օրս ակնարկ անգամ չի եղել: